ԱՄՆ-ի դիետոլոգներն առաջարկում են շաքարի հարկ սահմանել
Ամերիկացի դիետոլոգներն առաջարկել են ԱՄՆ-ում շաքարավազի հարկ սահմանել, գրում է BBC-ն:
Նրանք կարծում են, որ եթե շաքարավազը ֆիզիոլոգիական կախվածություն է առաջացնում ինչպես ծխախոտը և ալկոհոլը, ապա դրա օգտագործման համար էլ պետք է հատուկ հարկ գանձվի:
Նրանք փաստում են, որ շաքարը ճարպակալման, հիպերտոնիայի և շաքարախտի պատճառ է հանդիսանում: Դրա օգտագործումը շատ արագ տեմպերով աճում է. վերջին 50 տարում համաշխարհային մակարդակով այն 3 անգամ աճել է:
«Շաքարը համապատասխանում է այն բոլոր չափանիշներին, ինչ ծխախոտը և ալկոհոլը»,-ասել է երեխաների գիրությամբ զբաղվող մասնագետ, պրոֆեսոր Ռոբերտ Լյուստինգը, հավելելով, որ դպրոցում քաղցրավենիքների և քաղցր խմիչքների վաճառքը պետք է սահմանափակվի, այդ թվում պետք է սահմանել նոր հարկեր:
Միաժամանակ, մասնագետները փաստում են, որ լոբիստների դեմ պատերազմում հաղթելը շատ դժվար կլինի և այս առաջարկը դժվարությամբ կընդունվի:









