Նման բան ընդհանրապես չի եղել, ես հանձնարարել եմ հանել տալ «էպիկրիզները». Սուրեն Խաչատրյան

13:37 • 06.02.12

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյան հերքում է, որ մեղմ ասած՝ հերթական սկանդալի մեջ է հայտնվել՝ «Ժամանակ»-ի լոսանջելեսյան թղթակցին հետ հարցազրույցում անպարկեշտ առաջարկություններ անելով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Խաչատրյանը:

«Նման բան չի եղել, ես տենց հարցազրույց չեմ ունեցել , էդ սարքած բան ա»,- ասաց Սյունիքի մարզպետը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետն ըստ «ժամանակ»-ի՝ լրագրողին սպիտակ ներքնաշորով զրույցի էր հրավիրել, հարցրել նրա կոշիկի համարը, առաջարկել «անձնականից խոսալ» և համարյա թե ամուսնության առաջարկ արել: «Ես ոնց որ սիրահարվել եմ, կլինի՞ դուրս գաս խմբագրությունից զանգես, խոսենք: Ի՞նչ կոշիկի համար ես հագնում»,-ասել էր Սուրեն Խաչատրյանը:

Tert.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս նման բանը կարող էր «սարքվել», Սուրեն Խաչատրյանն ասաց.« Դե, ես ոչ մեկի հետ տենց հարցազրույց չեմ ունեցել, ինձ դրսից զանգ չի եկել»:

Մեր դիտարկմանը, թե, փաստորեն, ըստ իրեն, լրատվամիջոցը ստում է, Սուրեն Խաչատրյանն արձագանքեց. «Ես ասում եմ, նման բան ընդհանրապես չի եղել»։

Սուրեն Խաչատրյանն արդեն հանձնարարել է, որ բջջային կապի օպերատորը ինչպես ինքը ձևակերպեց՝ «հանի խոսակցության էպիկրիզը»: