ԱՄՆ-ը փակել է Սիրիայում իր դեսպանատունը
ԱՄՆ-ն փակել է իր դեսպանատունը Սիրիայում` երկրում տիրող լարվածության պատճառով: Այս մասին այսօր հաղորդել է Reuters-ը և նշել, որ երկուշաբթի երեկոյան դեսպանատան բոլոր աշխատակիցները` ներառյալ դեսպան Ռոբերտ Ֆորդը, Դամասկոսից մեկնել են հայրենիք:
«Մենք, ինչպես և այլ երկրների դիվանագետները, Սիրիայի կառավարությանն ենք փոխանցել աշխատակազմի անվտանգության հարցով մեր մտավախությունները, սակայն այս ռեժիմը ունակ չէ ադեկվատ ըմբռնել իրավիճակը», - հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
Նրա խոսքերով` Ֆորդի պաշտոնը կպահպանվի, բայց առայժմ նա Վաշինգտոնից կաշխատի:
«Բացի այդ, մեր առաջ խնդիր է դրված կապ պահպանել սիրիական ընդդիմության հետ և նպաստել խաղաղ քաղաքական բարեփոխումներին», - ասել է պետդեպի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը Դամասկոսին նախազգուշացրել էր դեսպանատան հնարավոր փակման վերաբերյալ դեռ հունվարի 20-ին, որպես հիմք նշելով դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության անբավարար միջոցներին:









