Ամերիկյան նավատորմն Իրանի դեմ հնարավոր հակամարտության սցենար է մշակում
Միացյալ Նահանգների ավիակիր հարվածային խումբը` «Էնթըրփրայզ» ատոմային ավիակրի գլխավորությամբ, զորավարժություններ է սկսել Ֆլորիդա նահանգի արևելյան ափերից ոչ հեռու: Ինչպես հաղորդում է vz.ru-ն` վկայակոչելով զորավարժությունների ընթացքին ծանոթ ամերիկյան աղբյուրների, դրանց ընթացքում մշակվում են Իրանի հետ հնարավոր զինված հակամարտության սցենարներ:
Վարժանքների ընթացքում օգտագործվում է ԱՄՆ արևելյան ափի քարտեզը, որի վրա, ամերիկյան նահանգների փոխարեն, նշված են հորինված պետություններ: ԱՄՆ արևելյան ափից, որը պայմանականորեն կոչվում է «Գանձերի ափ», 320 կմ հեռավորության վրա պատկերված է նեղուց` 54 կմ լայնությամբ, այնպես, ինչպես Հորմուզի նեղուցն է, որը Պարսից ծոցը միացնում է Արաբական ծովին:
Սցենարի համաձայն` ավիակիր խմբի գլխավոր նպատակը հորինված «Գարնեթ» և «Հյուսիսային Գարնեթ» պետություններն են, որոնք հիշեցնում են Իրանը: Այս երկրները, իբր, կասկածվում են ահաբեկչությանն աջակցման մեջ, որոնք ցանկանում են միավորվել «Պիրոպա» անվան ներքո` դառնալով «Գանձերի ափ»-ին գտնվող 9 երկրներից մեկը:
Ինչպես հայտնի է, Պարսից ծոցի շրջանում ութ երկիր կա, Իրանի շուրջ իրավիճակում կարևոր դեր է խաղում նաև Իսրայելը:
Հիշեցնենք, որ մարտին Միացյալ Նահանգները Պարսից ծոց կուղարկի երրորդ «Էնթերփրայզ»-ը: Այժմ ծոցում մարտական հերթապահություն են իրականացնում «Աբրահամ Լինքոլն» և «Կարլ Վինսոն» ավիակիրների գլխավորած հարվածային խմբերը, որի կազմում են նաև ֆրանսիական ու բրիտանական ռազմանավեր:









