Հայաստանում ավելացել են թե հոռետեսները, թե լավատեսները. Ահարոն Ադիբեկյան
2012թ. հունվարին «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցումը պարզել է, որ անցած 1-2 տարիներն իրենց ընտանիքների համար առավել հաջող են համարել հարցմանը մասնակցած 1650 չափահասների 63.0%-ը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով հարցման տվյալները, կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ համայնքներում վիճակը վատ է գնահատել հարցվածների 55%-ը: երկրում տիրող իրավիճակը ծանր է գնահատել հարցվածների 53%-ը:
«Երկրում և համայքներում շատ ավելի վատ է, քան առանձին ընտանիքներում, թեպետ նրանցից են կազմված մեր համայնքները, իսկ համայնքներից՝ երկիրը: Ես սա համարում եմ «հայկական սինդրոմ»»,- ասաց Ադիբեկյանը:
Նրա խոսքով հայերն այս հարցին ի պատասխան սովորաբար պատմում են իրենց դարդերը, իսկ դիմացինը նույն հարցին պատասխանում է, թե «Փառք Աստծո, ոչինչ»: «Եվ տպավորություն է ստեղծվում, որ ուրիշների մոտ վատ է, իսկ իրենց ընտանիքներում լավ»,- նշեց Ադիբեկյանը:
Իրենց ընտանիքների համար առաջիկա տարիներին հուսադրող և խոստումնալից ակնկալիքներ ունեն հարցվածների 59.5%-ը: Իրենց համայնքների համար առաջիկայում հուսադրող և խոստումնալից ակնկալիքներ ունեն հարցվածների 49.5%-ը, երկրի համար՝ 48%-ը:
«Հարցվածների 50%-ը առաջիկա տարիները մեր երկրի համար ավելի դժվար են համարում համայնքների համար 45%-ը, իսկ իրենց ընտանիքների համար՝ 38%-ը: Եթե այս թվերը համեմատենք անցած տարի անցկացված նույն հարցումի հետ, պետք է նշենք, որ միաժամանակ ավելացել են թե հոռետեսները, թե լավատեսները»,- ասաց Ադիբեկյանը:
Սոցիոլոգը տեղեկացրեց, որ այս տվյալները մեկնարկային են, սակայն պետք է օգնեն իշխանություններին կողմնորոշվել, թե որ խնդիրները են առաջնահերթ:









