Հայերն առաջին հերթին կլուծեին սոցիալ-տնտեսական խնդիրները. Ահարոն Ադիբեկյան

15:12 • 07.02.12

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցումը պարզել է, որ հարցման 80%-ը տարբեր աստիճանով բավարարված չէ իր ներկա վիճակով, իսկ 60%-ն իր ապագայով:

Այսօր օրագրողների հետ հանդիպմանը կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ սրանք կանխորոշում են հասարակության տրամադրությունները և Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված հույսերը:

Սոցիոլոգը անցկացրել է հարցումներ 1650 չափահաս քաղաքացիների շրջանում և հարցրել, թե ինչ կանի սովորական քաղաքացին, եթե ընտրվի ԱԺ պատգանավոր: Ըստ հարցումների` առաջին տեղում է աշխատատեղերի ստեղծումը և տնտեսական աճի բարձրացումը, երկրորդը՝ աշատավարձի, թոշակի, նպաստի բարձրացում: Առողջապահության և կրթության մատչելիությունը ցուցակի երրորդ տեղում է:

«Կոռուպցիայի հարցը որքան էլ առաջնային է երկրում զբաղեցնում է չորրորդ տեղը: Այսինքն բոլորի համար մեր երկրում առաջնային են սոցիալ-տնտեսական հարցերը: Եվ հենց սրանց լուծման ճանապարհները պետք է մեր կուսակցությունների առաջնային խնդիրը լինի»,-ասաց նա:

Հարցված քաղաքացիները մարդու իրավունքների պաշտպանությունը համարում են ոչ առաջնային խնդիր: Այն գտնվում է հինգերորդ տեղում: Սոցիոլոգը համոզված է, որ այս բոլոր խնդիրների մեղավորը միշտ առաջին դեմքն է:

«Մենք հույսը դնում ենք իշխանության վրա, որովհետև ով իշխանություն չունի, նա կարծես պատասխանատու չէ: Պարզ է ընտրությունների գալը ի հայտ է բերում նաև երկրի սոցիալական խնդիրները: Ինչքան մոտենում են ընտրությունները, ընդդիմությունը այնքան ավելի շատ է անդրադառնում այս հարցերին և բոլոր ելույթներում նշում է սոցիալական լարվածության գոյության մասին»,- ասաց նա:

Ադիբեկյանը նաև ասաց, որ մեծ է հավանականությունը, որ «Հայ ազգային կոնգրեսը» մանդատներ կստանա գալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

«Ես այս պահին թվեր չեմ կարող ասել ընտրությունների վերաբերյալ, դրանք կներկայացնեմ առաջիկայում: Բայց բոլորին հուզող երկու ուժերի՝ ՀԱԿ-ի և ՕԵԿ-ի հայտնվելը խորհրդարան շատ մեծ է»,-ասաց Ադիբեկյանը: