Ասադը գիտակցում է պատասխանատվության իր բաժինը. Լավրով
Սիրիայում մեկնարկել են նախագահ Բաշար ալ Ասադի և ռուս պատվիրակների` Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու Արտաքին հետախուզության ծառայության պետ Միխայիլ Ֆրադկովի միջև բանակցությունները:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, ռուսական պատվիրակությունը Դամասկոս է ժամանել այսօր, որպեսզի քննարկի երկրում տիրող փակուղային իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը: Սիրիայում արդեն 11 ամիս բախումներ են ընթանում սիրիական բանակի ու Ասադի հակառակորդների միջև: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` այս ընթացքում զոհվել է ավելի քան 6.000 մարդ:
«Մեր շահերից է բխում, որ արաբական ժողովուրդն ապրի հաշտ ու խաղաղ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը` բացելով բանակցությունները: Դիմելով Ասադին` Լավրովն ընդգծել է, որ «ցանկացած երկրի ցանկացած ղեկավար պետք է գիտակցի պատասխանատվության իր բաժինը:
«Դուք Ձեր բաժինը գիտակցում եք»,- ասել է Լավրովը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փետրվարի 4-ին Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Սիրիայի հարցի շուրջ բանաձևի վրա: Այն առաջարկել էր Մարոկոյի պատվիրակությունը, որը ստացել էր արևմտյան երկրների աջակցությունը:









