Ամերիկացին կիսավարտիքը գլխին փորձել է բանկ թալանել
Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի բնակիչը, կիսավարտիքը գլխին, փորձել է բանկ թալանել: Ինչպես նշվում է Miami New Times հրատարակության բլոգում, 43-ամյա Իլայ Էսկալերը, մտնելով բանկ, գանձապահին երկտող է տվել` «քսանանոցներ ու արծաթե մետաղադրամներ» իրեն տալու պահանջով:
Երբ բանկի աշխատակիցը փորձել է պարզել կիսավարտիքը գլխին տղամարդուց (որն, ի դեպ, չի ծածկել դեմքը), թե ինչ է նրան իրականում անհրաժեշտ, նա պատասխանել է` «կարևոր չէ» և լքել բանկը:
Տարօրինակ հաճախորդի այցից անմիջապես հետո, գանձապահը կատարվածի մասին հայտնել է իրավապահներին: Էսկալերը ձերբակալվել է բանկից ոչ հեռու:
Թե ինչու էր Ֆլորիդայի բնակիչը գլխին կիսավարտիք կրել, անհայտ է:









