Հերթական սկանդալը ԱԺ-ում. ԲՀԿ-ն բոյկոտում է նիստը
Այսօր ԱԺ աշխատանքները սկսելուց քիչ անց հերթական սկանդալը գրանցվեց։ ԱԺ նիստին ներկայացած միակ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նախօրեին կամայականորեն իրեն զրկել է վարման կարգով նախատեսված ելույթից, իսկ այնուհետև տարբեր հանրապետական գործիչներ ոչ կոռեկտ են արտահայտվել «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագծի մասին ԲՀԿ-ի դիրքորոշման վերաբերյալ։ «Հաշվի առնելով այն, որ երեկ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կամայական կերպով ինձ զրկեց վարման կարգի վերաբերյալ մեր խմբակցության տեսակետը ներկայացնելու հնարավորությունից, հաշվի առնելով այն, որ երեկ թե՜ այս ամբիոնից, թե՜ տարբեր լրատվամիջոցներում Ազգային Ժողովի նախագահի, հանրապետական տարբեր պատգամավորների կողմից ոչ կոռեկտ գնահատականներ են հնչեցվել «Բարգավաճ Հայաստանի» հասեցին, հարկ եմ համարում պարզաբանել, որ մեր խմբակցությունը երեկ քվեարկվող նախագածի վերաբերյալ բազմիցս, բոլոր քննարկումների ժամանակ հայտնել է իր հստակ դեմ դիրքորոշումը և քվեարկել է իր համոզմունքների համաձայն, ապացուցելով մեր խոսքի և գործի համարժեքությունը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։
Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի մասին «ամպագորգոռ հայտարարությունները», այն էլ՝ օրենքը շրջառանության մեջ դնելուց գրեթե հինգ տարի անց, Զոհրաբյանը համարեց բոլորի համար հասկանալի։ «Բոլորիս համար էլ պարզ է, որ այս նախագիծը որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ և նախագծի իրական նպատակը մեկն է՝ լրացուցիչ արոտնյալ եկամուտներ ապահովել առանց այդ էլ երանելի վիճակում գտնվող բանկերի համար՝ ի հաշվի Հայաստանի հանրապետության քաղաքացիների»,- ասաց Զոհրաբյանը։
Վերջինս նաև «տնտեսագիտական մտքի տիտանների» խորհուրդ տվեց ծանոթանալ թե՛ եվրոպական և թե՛ ռուսական փորձին, որից ակնայտ կլինի այս նախագծի իրական շարժառիթները, և թե իրականում ո՞ւմ շահերն է այն սպասարկելու։
«Կրկնում եմ, «Բարգավաճ Հայստանը» դեմ է և դեմ է լինելու բոլոր այն փորձերին, որոնց նպատակը մեկն է՝ սոցիալական ծանր այս պայմաններում հավելյալ գումարներ շորթել քաղաքացուց։ Եվ, հաշվի առնելով խորհրդարանում ստեղծված ոչ կոնստրուկտիվ մթնոլորտը, ես հայտարարում եմ, որ ԲՀԿ խմբակցությունը այսօր չի մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին»,- եզրափակեց։
Դրանից հետո Նաիրա Զոհրաբյանի խոսափողն անջատվեց, ինչին ի պատասխան Զոհրաբյանը լքեց նիստերի դահլիճը։ Այնուհետև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջման թույտվություն վերցրեց։ Ընդմիջման վերցնելու անհրաժեշտությունը լրագրողների հարցին ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը պատճառաբանեց պատշաճ քվորումի բացակայությամբ։
Լրագրողների հարցին ի պատասխան, թե ԲՀԿ-ական պատգամավորը պատկերացնո՞ւմ է արդյոք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդպիսի որոշումը, Զոհրաբյանը հայտարարեց. «Մենք պատասխանատու ենք մեր քաղաքական որոշումների համար և մեր ընտրողների առաջ»։ Նաիրա Զոհրաբյանը ասաց նաև, որ օրինագիծը 5 տարի էր մշակվում էր, և իր համար զարմանալի է, թե ինչու են հենց հիմա այն ներկայացնում քննարկման։
Նրա կարծիքով օրենքի ընդունման դեպքում այն կբերի բանկային հաճախորդների կտրուկ աճ և կդառնա «լրացուցիչ շորթման միջոց», ինչին ԲՀԿ-ն դեմ է։
20 րոպե ընդմիջումից հետո ԱԺ նիստը կրկին շարունակվում է, բայց առանց «Բարգավաճ Հայաստանի»։









