«Հանրայինը» «Եվրատեսիլի» համար դեռ որոշում չունի, բայց «Դորիանսն» իր հոլովակը ներկայացնում է (տեսանյութ)

15:48 • 07.02.12

Համացանցում տարածվել է «Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը ներկայացնելու ամենահավանական թեկնածուն համարվող «Դորիանս» ռոք խմբի պատրաստած This is our world երգի տեսահոլովակը։ Երգի տևողությունը 2:46 րոպե է: Երգի հեղինակը Արման Փահլևանյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Վարդան Զադոյանը:

«Դորիանս» խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ խմբին միջազգային երգի մրցույթին մասնակցելու առաջարկ Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից որպես Եվրոպական հեռարձակողների լիիրավ անդամ, չեն ստացել: «Մենք մեր տարբերակն ենք առաջարկել: Ներկայացնելով այս գործը` մենք նախ սրանով հայտնում ենք մեր ցանկությունը մասնակցելու Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին, կուզեն-կուզեն, որոշողը հանրայինն է»,- ասաց նա:

Խմբի պրոդյուսերը տեղյակ է համացանցում արդեն իսկ հասարակության վերաբերմունքից, սական չի կարծում, որ դա որոշիչ դեր կարող է ունենալ խմբի մասնակցության համար:  «Դա ընդամենը կարծիք է, կամ վերաբերմունք»,- ասաց նա:
Բացի «Դորիանսից», այլ հավակնոտ թեկնածուի ցանկության մասին Վահագն Գևորգյանը տեղյակ չէ, սակայն, ըստ նրա, Բաքվում, բացի իր խմբից, կցանկանար տեսնել System of a Down ռոք խմբին:

«Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Tert.am-ին հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ, քանի որ, ըստ նրա, դեռևս մասնակցի ընտրությունը «Հանրային հեռուստաընկերության» կողմից որոշված չէ: «Եթե մենք ինչ-որ նորություն իմանայինք, առաջինը մեզ մոտ կհայտնեինք»,- ասաց նա` նկատի ունենալով «Եվրատեսիլի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ վերջին հայտարարության համաձայն` հաշվի առնելով «Եվրատեսիլ-2012»-ի առանձնահատկությունը՝ Հանրային հեռուստաընկերությունը որոշում է ընդունել մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ: Ընտրությունը կկատարի ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված հատուկ հանձնախումբը, որտեղ կընդգրկվեն երաժիշտներ, հեռուստատեսության մասնագետներ և երաժշտական պրոդյուսերներ: «Եվրատեսիլ-2012»-ի Հայաստանի մասնակիցը և ներկայացվող երգը հայտնի կդառնան մինչև ս. թ. մարտի 18-ը :

Ի դեպ, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ անձամբ ինքը կցանկանար, որ «Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացներ հենց այս խումբը, քանի որ այն լավագույնս կներկայացնի Հայաստանը։