Շվեյցարիա իմ հետագա այցերի ժամանակ նույն հարցին նույն կերպ կպատասխանեմ. Բաղըշ

12:13 • 07.02.12

Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշն անդրադարձել է Ցյուրիխում իր դեմ հնարավոր դատական վարույթի հետ:

«Իհարկե, սա դեռ նախնական հետաքննություն է: Պաշտոնապես ինձ դեռ որևէ գրություն չի եկել: Ես ինքս էլ այդ մասին տեղեկացել եմ լրատվամիջոցներից: Ցյուրիխի գլխավոր դատախազը թող ժամանակ չկորցնի քննելու համար, թե ես դա ասել եմ, թե ոչ: Ես նրան Թուրքիայից կօգնեմ. այո, ես Ցյուրիխում ասել եմ, որ 1915թ-ին. ցեղասպանություն չի եղել և հիմա էլ նույն նախադասությունը կրկնում եմ: Հիմա էլ հայտարարում եմ, որ Շվեյցարիա կատարվելիք իմ այցերի ժամանակ եթե նույն հարցը տան, ես նույն կերպ կպատասխանեմ: Համաձայն եվրոպական օրենքների` մարդն ունի ազատ արտահայտվելու իրավունք: Բացի այդ, ես չեմ ճանաչում ուժ, որ կարողանա ձերբակալել Թուրքիայի Հանրապետության որևէ նախարարի», - ասել է նա:

Իր խոսքում Բաղըշը նաև նշել է, որ Թուրքիան այս հարցում շատ հանգիստ է և կոչ է արել բացել բոլոր երկրների արխիվները և պատմաբաններին թույլ տալ զբաղվելու այդ հարցերով, որովհետև «քաղաքական գործչի պարտականությունն անցյալը ներկայացնելը չէ»:

Եերեկ հայտնի դարձավ, որ Ցյուրիխի դատախազությունը քննարկում է թուրք նախարարին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը` Հայոց ցեղասպանության ժխտման մեղադրանքով: