Գագիկ Մինասյանը չի կանչվել նախագահական

12:27 • 07.02.12

ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հերքեց, որ ինքը և ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հրավիրվել են նախագահական՝ «Կանխիկ գործառույթների սահմանափակման մասին» նախագծի տապալումից հետո: Այս մասին Tert.am-ին ասաց Գագիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ ընդհանրապես, նման միջադեպ տեղի չի ունեցել: Այսինքն, որ նախագահը նախատի իրեն և ԱԺ նախագահին:

Tert.am-ին այն հարցին, թե ՀՀԿ-ն միայնակ չէ՞ր կարող քվորում ապահովել, Գ. Մինասյանը հարցով պատասխանեց՝ «ի՞նչ է, դուք չեք իմանում ՀՀԿ-ն քանի պատգամավոր ունի»:

Նշենք, որ ՀՀԿ-ն ունի 63 պատգամավոր, ինչպես նաև մեծամասնականով ընտրված մի շարք անկախ պատգամավորներ, որոնք ավանդաբար սատարում են ՀՀԿ-ին: Որպես կանոն, ՀՀԿ-ին սատարում է նաև ՕԵԿ-ը։

Օրինագծի անցնելու համար անհրաժեշտ էր 66 ձայն, մինչդեռ օրինագիծը տապալվեց 54 «կողմ» 7 «ձեռնպահ« և 0 դեմ ձայներով: Այսինքն՝ հենց ՀՀԿ-ի ներսում էլ քվորում չի եղել: Ի պատասխան մեր այս հիշեցմանը, Գագիկ Մինասյանը նկատեց, որ քվորումի խնդիրը «օրակարգային է եղել միշտ» և խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի մոտ: «Դուք երբևէ տեսե՞լ եք, որ բոլոր 131 պատգամավորները ներկա լինեն դահլիճում»,-հարցրեց Գագիկ Մինասյանը: