Կոալիցիան շարունակում է հարաբերություններ պարզել, ՀՅԴ-ը գնում է իր ճանապարհով

17:19 • 07.02.12

«Հայաստանի հանրապետական կուսակցության» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Ազգային ժողովի միջանցքում լրագրողներին մեկնաբանելով «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» նախագիծը` նշեց, որ դա վերաբերում է շուրջ 20 հազար քաղաքացիների:

«Օրինագծում գրված է, որ, նախ, գույքային հարաբերություններն են կարգավորում և երբ 3 միլիոնից ավելի գործարք է կատարվելու, ապա այդ ժամանակ նոր բանկային շրջանառությամբ է խնդիրը լուծվելու: Կարող է` տասնյակ դեպքեր լինեն, կամ` պատկերացրեք, որ սա կարող էր վերաբերել 20 հազար ՀՀ քաղաքացու միայն: Իսկ ես համոզված չեմ, որ մեր քաղաքացիներն արդեն այնպիսի վիճակում են, որ կարողանան 3 միլիոնից ավելի գործարքներ կատարելու, առնչվել բանկային ռեժիմների հետ»,- ասաց Գ.Սահակյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հայտարարում է, որ իրենք դեմ են բանկային հաճախորդների նման կտրուկ ավելացմանը և «նրանցից ծառայությունների համար լրացուցիչ գումարներ շորթելուն»:

Գալուստ Սահակյանը նաև հայտարարեց, որ դեռևս 2008-ից օրենքի նախանագիծը ԱԺ-ում շրջանառության մեջ է գտնվում և Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարության հետ կապված, որ իրենք այն ժամանակավրեպ են համարում, ասաց. «Բայց կոռուպցիայի դեմ պայքարն ամեն օր, ամեն ժամ և ամեն ամիս է»:

Ամեն դեպքում, Գալուստ Սահակյանը դեմ է, որ լրագրողները խոսեն ներկոալիցիոն նոր լարվածության օջախի մասին. «Կարծում եմ, որ այսօր ոչ թե դրա մասին պետք է խոսենք, այլ պետք է կարողանանք ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի ու ՀԱԿ-ի համատեղ ջանքերով այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որպեսզի ժողովուրդը կարողանա իր ընտրությունը ճիշտ կատարի»:
Գալուստ Սահակյանն իր ճեպազրույցն ավարտեց քաղաքական ուժերին ուղղված կոչով` վերջ տալ «անհանդուրժողության մթնոլորտին»:

Հարցին, թե ինչու երեկ ՀՀԿ մեծամասնությունը ապահովեց ԱԺ բնականոն աշխատանքը և քվեարկությունները , այսօր ոչ: Գալուստ Սահակյանի պատասխանից արելի էր դատել, որ երեկ ԲՀԿ –ի բոյկոտը անսպասելի է եղել ՀՀԿ-ի համար, սակայն այսօր նախատեսելով, որ նման բան կարող է տեղի ունենալ, Հանրապետականն ավելի լավ է նախապատրաստվել
Այս ողջ պատմության մեջ անորոշ է մնում Դաշնակցական խմբակցության դիրքորոշոըմը, որը երեկ ձառնպահ քվեարկեց:
Հարցին, թե ինչու ՀՅԴ-ն չմիացավ ԲՀԿ-ի դիրքորոշմանը, ի տարբերություն վերջինիս, որը ամբողջությամբ համամասնականի ընտրակարգի անցնելու վերաբերյալ ԱԺ ընդդիմության պահանջի տակ միացավ իր ստորագրությամբ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի դաշնակցական նախագահ Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ Դաշնակցությունն իր ընթացքով գնում է և կողմ է օրենքի գաղափարախոսությանը, որին ողջ Եվրոպան անցել է վաղուց:

«Բոլոր երկրները գնում այդ անկանխիկացման ճանապարհով.. և այստեղ ինչ-որ մի առճակատման խնդիր չկար»:
Tert.am-ի այն դիտարկմանը, որ, փաստորեն առճակատման խնդիր այնուամենայնիվ կար, Արմեն Ռուստամյանը պատասխանելով, որ դա այլ հարց է, առաջարկեց կոալիցիոն երկու քաղաքական ուժերի միջև հակասությունների սրման առիթը փնտրել այլ տեղում, քանի որ այս օրինագիծը նրա խոսքով սոսկ առիթ էր: