Իրանում BBC-ի աշխատակիցներ են ձերբակալվել

11:04 • 07.02.12

Իրանի իշխանությունները երկուշաբթի ձերբակալել են բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի մի խումբ աշխատակիցների: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, իրանական պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ ձերբակալվածներն աշխատել են BBC-ի համար և հեռուստառադիոկորպորացիային փոխանցել ռեպորտաժներ, ինչպես նաև այդ մարդիկ, իբր, 2009 թվականից զբաղվել են իրանցի լրագրողների դասավանդմամբ և նրանց վերապատրաստումը կազմակերպել արտերկրում:

Իրանի իշխանությունները չեն նշում ոչ ձերբակալվածների կոնկրետ թիվը, ոչ էլ` նրանց անունները:

BBC-ն այս գիշեր պատասխան հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշվում է, որ Թեհրանից ստացված լուրը «խորը մտահոգության առարկա է բոլոր այն մարդկանց համար, որոնք հավատում են անկախ լրատվամիջոցներին»: Ինչպես հայտնի է, Իրանում հեռարձակվում է BBC-ի հատուկ հեռուստաալիքը` ֆարսի լեզվով, սակայն կորպորացիայից հայտնում են, որ «Իրանում ընկերության աշխատակիցներ չկան»:

Թեհրանը պարբերաբար հայտարարում է, որ BBC-ն օգնում է բրիտանական հետախուզությանը և աջակցում իրանցի այլախոհներին:

BBC-ի և Թեհրանի միջև առճակատման հերթական փուլը սկսվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի սրումից հետո, որի ընթացքում ԱՄՆ պաշտոնական դեմքերը հայտարարեցին, որ Իսրայելը ռազմական գործողություններ կսկսի Իսլամական Հանրապետության դեմ արդեն այս գարնանը: