Բակո Սահակյանը մասնակցել է «Ղարաբաղի վերքերը» ֆիլմի սկավառակի շնորհանդեսին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է հայտնի բուլղարացի հեռուստալրագրող Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակի շնորհանդեսին:
Ըստ ԼՂՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության` Բակո Սահակյանը բարձր է գնահատել Պասկալեւայի նվիրումն ու երկար տարիների աշխատանքը` ուղղված արցախյան ազգային-ազատագրական պայքարի ճշմարտացի լուսաբանմանը, մեր շահերի եւ արդարության պաշտպանությանը:
Բակո Սահակյանի խոսքով` դրա վառ օրինակն է «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարը, որը հանդիսանում է Արցախյան ազատամարտի վավերագրության լավագույն էջերից մեկը եւ իրականացնում է «կարեւոր առաքելություն` մեր արդար ձայնը հասցնելով միջազգային հանրությանը, օգնելով ճիշտ ու բազմակողմանի պատկերացում կազմել ղարաբաղյան հիմնախնդրի մասին»:
Միջոցառմանը ներկա են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և պաշտոնատար այլ անձինք:










