ՍԴՀԿ-ի կոչը ռուսաստանցի հայերին Կոնգրեսի հետ որևէ կապ չունի. ՍԴՀԿ ատենապետ
Ռուսաստանում նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի թեկնածությունը պաշտպանելու՝ տեղի հայ համայնքին ուղղված Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության կոչը, ՍԴՀԿ ատենապետի կարծիքով, կարող էր անսպասելի լինել Հայ ազգային կոնգրեսի և անդամ կուսակցությունների համար և ոչ մի կապ չունի նրա հետ:
Այս մասին Tert.am-ին ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Այսինքն, որ միակ արժանի թեկնածուն Ռուսաստանի ներկայիս վարչապետն է, Կոնգրեսի մաս կազմող մյուս կուսակցությունների կարծիքը չէ։
Հիշեցնենք, որ երեկ կուսակցության անունից տարածվել էր կոչ՝ ուղղված Ռուսաստանում բնակվող հայ քաղաքացիներին, որպեսզի նրանք մարտի 4 –ին կայանալիք նախագահական ընտրություններին ընտրեն նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին։
«Դուք` տեղաբնակներդ, հիշում եք, թե ինչ էր կատարվում Ռուսաստանում` ԽՍՀՄ փլուզումից հետո… բնական պաշարներով երկրագնդի ամենահարուստ տարածքը սովի էր մատնվել, մարդիկ տարիներով աշխատավարձ չէին ստանում: … Երկիրը ներսից քայքայում էին կլանաօլիգարխիկ համակարգը, համատարած կոռուպցիան, … Եվ Վլադիմիր Պուտինը այն մարդն է, ում հաջողվեց երկիրը դուրս բերել այդ վիհից…»,- մասնավորապես, ասված էր ՍԴՀԿ փետրվարի 6-ի հայտարարության մեջ:
Լյուդմիլա Սարգսյանն այս առնչությամբ հավելեց, որ լինելով ՀԱԿ-ի ներսում, ՍԴՀԿ-ն մշտապես ունեցել է իր դիրքորոշումը, այդ թվում նաև հիմա:
«Դա մեր մոտեցումն է, մենք Ռուսաստանին դիտարկում ենք որպես ռազմավարական գործընկեր, շատ լավ գիտակցելով, թե Արևմուտքը այսօր ինչ շահեր է հետապնդում տարածաշրջանում»,- ասաց ՍԴՀԿ ատենապետը՝ ավելացնելով, որ «անկախ համակրանքներից ու հակակրանքներից» իրենք առավել արժանի են համարում Վլադիմիր Պուտինին՝ ելնելով նաև մեր երկրի ազգային անվտանգության շահերից:
Երեկ տարածված հաղորդագրությունն ավարտվում էր հետևյալ խոսքերով. «Ազգակիցներ խնդրում և հորդորում ենք` ձեր ձայնը միացրեք իրական, հայրենասեր ռուսաստանցու ձայնին, որն ընտրելու է Վլադիմիր Պուտինին:Եվ թող ձեր մտապատկերում պարզվի հետևյալ պաստառը.ՙ Ընտրում ես Վլադիմիր Պուտինին` զորավիգ ես Մայր Հայրենիքիդ»:
Ի պատասխան մեր հարցի, թե իր կարծիքով Կոնգրեսից պարզաբանումներ չե՞ն պահանջի այս հայտարարության համար, Լյուդմիլա Սարգսյանը հիշեցրեց, որ համաձայն Կոնգրեսի Հռչակագրի՝ ՍԴՀԿ-ն Կոնգրեսի անդամ լինելով՝ պահպանում է իր ինքնուրույնությունը առանձին հարցերի կապակցությամբ, ինչպես և բոլոր անդամ կուսակցությունները: ՍԴՀԿ ատենապետը հիշեցրեց, որ այպես եղել է նաև հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ:
«Եվ, եկեք չմոռանանք, որ մենք ազգային կուսակցություն ենք, ունենք ավանդույթներ, որը մենք պահպանել են առ այսօր»,-ասաց ՍԴՀԿ ատենապետը՝ ընդգծելով, որ իրենք Հայ ազգային կոնգրեսի հետ պայաքարում են գլխավոր քաղաքական նպատակի համար: Այն է՝ երկրում հաստատել օրինական իշխանություն:









