Հայ մտավորական Սևան Նիշանյանը Թուրքիայում կրկին ազատազրկման է դատապարտվել

10:14 • 07.02.12

Պոլսահայ մտավորական, հրապարակախոս  Սևան Նիշանյանը Թուրքիայում 5 ամսվա ազատազրկման է դատապարտվել` ապօրինի շինարարություն իրականացնելու մեղադրանքով:

Ինչպես հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերությունը, ազատազրկման համար պատճառ է հանդիսացել Թուրքիայի Զմյուռնիայի (թուրքերեն` Իզմիր) նահանգի Սելջուկ շրջանի Շիրինջե գյուղում իրականացվող շինարարությունը (ժայռափոր գերեզման կառուցելու համար):

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ  ապօրինի շինարարություն իրականացնելու մեղադրանքով Նիշանյանն ազատազրկման է դատապարտվում։ Մինչ այժմ թուրքական դատարանը Նիշանյանի նկատմամբ մի շարք վճիռներ է կայացրել, որոնց համաձայն պոլսահայ մտավորականին մոտ 17 տարվա ազատազրկում է սպառնում։ Դատարանի կայացրած բոլոր այդ որոշումները, սակայն, բողոքարկման փուլում են գտնվում։  Նիշանյանը տարիներ առաջ Շիրինջե գյուղում իր սեփական միջոցներով վերակառուցել էր խարխուլ16 շինություն, որից հետո դրանք սկսել է օգտագործել որպես հյուրանոցներ: Այդ շինությունները Թուրքիայի հյուրանոցային սեկտորում հայտնի են «Նիշանյանի տներ» անունով: Միայն վերոնշյալ 16 շինությունների առնչությամբ Նիշանյանի դեմ 16 առանձին դատական գործ էր բացվել:

Նիշանյանը հայտարարել է, որ դատարանի այս վերջին որոշումը ևս բողոքարկելու է: «Դատավարությունները շարունակվում են, նույնիսկ թիվն եմ մոռացել: Դատարաններից եկած ծանուցումներն էլ առանց կարդալու աղբարկղն եմ նետում: Եթե ճիշտ եմ հիշում արդեն 7 դատվածություն ունեմ»,-ասել է մտավորականը և հավելել, որ, ամեն դեպքում, իր գործունեությունը շարունակելու է: