Օբամայի քարոզարշավը ֆինանսավորում են հետախուզվող հանցագործի հարազատները. NYT

10:29 • 07.02.12

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի հիմնական «ֆինանսիստներից» մեկն են դարձել փախուստի մեջ գտնվող մեքսիկացի խաղային մագնատ Խուան Խոսե Ռոխաս Կարդոնայի հարազատները:

Ամերիկյան The New York Times-ը գրում է, որ խաղատների սեփականատեր Կարդոնան, որը հայտնի է «Պեպե» մականվամբ, 1994 թվականին Այովա նահանգում մեղադրվել է մեքենայությունների և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, ինչից հետո փախել է Մեքսիկա, իսկ ներկայում ձգտում է ներում ստանալ` ԱՄՆ վերադառնալու համար:

ԱՄՆ պետդեպարտամենտի փաստաթղթերում նշվում է, որ Մեքսիկայում «Պեպե» Կարդոնան կասկածվում է բիզնեսի իր գործընկերներին ֆիզիկական ոչնչացման և տեղի քաղաքական գործիչներին ապօրինի նվիրատվությունների մեջ:

Այովայի դատախազության տվյալներով` մեկ տարի առաջ Պեպե Կարդոնայի եղբայրը` Կարլոսը, պայմանավորվածություն է ձեռք բերել Դեմոկրատական կուսակցության տեղական ներկայացուցչության ղեկավարի հետ` փախուստի մեջ գտնվող կասկածյալին Այովայի նահանգապետի կողմից ներում շնորհելու հարցում:

Դեմոկրատական կուսակցության ակտիվիստները թերթին պատմել են, որ անցած տարվա աշնանը Կարլոսը և նրա եղբայր Ալբերտոն սկսել են միջոցներ հավաքել Օբամայի նախընտրական քարոզարշավի համար, չնայած ավելի վաղ երբեք չեն մասնակցել նման միջոցառումների:

Օբամայի նախընտրական շտաբի աշխատակիցները խոստովանել են, որ Կարլոսը, Ալբերտոն, նրանց քույր Լետիսիան և վերջիններիս կողմից ներգրավված անձինք կուսակցության հիմնադրամին են փոխանցել ավելի քան 200 հազար դոլար:

«Հաշվի առնելով բարձրացված հարցերը` մենք կվերադարձնենք այդ մարդկանց նվիրատվությունները», - հայտարարել է նախընտրական շտաբի պետ Բեն Լաբոլթը:

Թերթին չի հաջողվել ստանալ Կարլոսի ու Ալբերտոյի մեկնաբանությունները, սակայն նրանց եղբոր կինը` Գաբրիելան, պատմել է , որ նվիրատվությունները հավաքել են դեմոկրատների համար, քանի որ երկար ժամանակ զբաղվել են տեղի իսպանալեզու համայնքին աջակցությամբ, և, որպես հետևանք, ցանկացել են աջակցել նաև Օբամային` երկրորդ անգամ ընտրվելու նախագահի պաշտոնում:

 Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները նախատեսված են այս տարվա նոյեմբերի 6-ին: