Մարգար Օհանյանի գործով դատավարությունն անցնում է հաջորդ փուլ

14:53 • 07.02.12

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունն անցնում է հաջորդ փուլ, քանի որ ավարտվել են գործով վկաների հարցաքննությունները, իսկ այժմ դատարանը պետք է լսի ամբաստանյալներին:
Քիչ առաջ Ճանապարհային ոստիկանության, տնտեսական բաժնի նախկին աշխատակից Սամվել Մախմուրյանը, ով գործով անցնում է որպես ամբաստանյալ, նշեց, որ ինքը չունի հնարավորություն, որպեսզի պաշտպան վարձի:

Մեղադրող կողմը պնդեց, որ այս դեպքում, պետությունը պարտավոր է նրան պաշտպան տրամադրել Հանրային պաշտպանի գրասենյակից, եթե մեղադրյալն ապացուցի, որ ինքնը չի կարող վճարելկ փաստաբանական ծառայության դիմաց:

Սամվել Մախմուրյանն ասաց, որ ինքը դեռ պատրաստ չէ այսօրվա նիստում ցուցմունք տալ, ուստի դատարանը որոշեց նրան Հանրային պաշտպանի գրասենյակից պաշտպան տրամադրել, քանի որ, ըստ դատարանի, ամբաստանյալը պարտավոր չէ ապացուցել, որ ինքը բավարար միջոցներ չունի պաշտպան վարձելու համար:

Դատարանը նույն հարցով դիմեց նաև ամբաստանյալ Արա Լևոնյանին, սակայն վերջինս հրաժարվեց պաշտպանի ծառայություններից:

Քանի որ Սամվել Մախմուրյանը միջնորդեց պատրաստվել ցուցմունքներ տալու համար, դատարանը նիստը հետաձգեց մինչև փետրվարի 14-ին, ժամը 11:30: