Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը շուտով հանդես կգա «օտար բեմերում»

08:32 • 07.02.12

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը մոտ 1-1, 5 ամսից կսկսվի վերանորոգվել: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական խմբերն անհանգստացած են այն փաստով, որ տնօրինությունն այս տարի փետրվարի 1-ին ամենամյա աշխատանքային պայմանագրերը կնքել է ոչ թե սովորականի նման մեկ տարի, այլ երկու ամիս ժամկետով:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը պնդում է, թե խմբերը կաշխատեն և կվարձատրվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հաստատելով լուրը, որ բեմը վերանորոգվելու է:

«Այո, այս տարի պայմանագիր ենք կնքել երկու ամսով, քանի որ թատրոնը հնարավոր է՝ մի քանի ամիս կանգնի»,- ասաց Կամո Հովհաննիսյանը՝ հստակեցնելով, որ խոսքը միայն բեմի մասին է:

«Բեմը չի աշխատելու, բայց փորձասենյակներն աշխատելու են: Մենք, առհասարակ, աշխատելու ենք։ Մենք այս տարի երկու նոր ներկայացում ունենք»,- ասաց թատրոնի տնօրենը՝ դրանից տրամաբանորեն բխեցնելով, որ ստեղծագործական խմբերը վարձատրվելու են:

«Մեր բեմում 60-ականների ճոպան (трос) ու գեներատոր էր աշխատում: Տեխնիկան ահավոր վիճակում էր»,- ասաց տնօրենը՝ շեշտելով, որ այս պայմաններում այլևս անհնար էր աշխատել:

Թատրոնի տնօրենն ասաց, որ վերանորոգումը կատարվելու է մասամբ պետական բյուջեի և մասամբ պետության կողմից ավստրիական ինչ-որ ֆինանսական կազմակերպության կողմից վերցվելիք վարկի հաշվին:

Ինչպե՞ս է թատրոնն աշխատելու առանց բեմի: Տնօրինությունը որոշել է բացը կլրացնեն հանրապետության այլ քաղաքներում հյուրախաղերով: Այլ խոսքով՝ «օտար» բեմերի հաշվին:

Նշենք, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր ներկայացումների թվում են՝ Բիզեի «Կարմեն»-ը , Պուչինիի «Բոհեմ»-ը , իսկ բալետային ներկայացումներից՝ «ժիզել»-ը: