Կարևորը շուտ արթնանալը չէ, այլ՝ շուտ տեղ հասնելն է. ՀՀԿ
ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայի հայտարարությունների ժամը այսօր ևս նվիրված էր «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» մասին օրենքի նախագծին, որը, կրկին լրջորեն սրել է ներկոալիցիոն հարաբերությունները:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան»-ի հայտարարած մեկօրյա բոյկոտին, ասաց. «Եղան քաղաքական ուժեր, որոնք արդեն ցույց տվեցին իրենց դեմքը, և ժամանակից առաջ ընկած կեղծ քարոզարշավով են զբաղվում»: ՀՀԿ մամլո խոսնակն այս կապակցությամբ նշեց, որ կարևորը շուտ արթնանալը չէ, այլ՝ շուտ տեղ հասնելն է:
Հիշեցնենք, որ ԱԺ հայտարարություններն այսօր անցնում են «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորների բացակայությամբ, քանի որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական թիմն այսօր բոյկոտ է հայտարարել խորհրդարանի աշխատանքներին:
Կոալիցիոն գործընկերոջ քայլերի համատեքստում էլ հանրապետական Սուքիաս Ավետիսյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ-ի բացակայության պայմաններում ԱԺ-ն կարողանում է ապահովել բնականոն աշխատանք՝ ընդունելով 19 օրենքի նախագիծ: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մամուլի ակումբներից մեկում Սուքիաս Ավետիսյանը հայտարարել էր, որ ԱԺ նիստերի դահլիճում նորմալ չեն կարողանում աշխատել:









