Սյունիքի մարզպետի «ոդիսականը»

20:46 • 07.02.12

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը այսօր Slaq.am կայքին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հերքել է «Ժամանակ» թերթի լոսանջելեսյան թղթակցին հարցազրույց տալու փաստը՝ ասելով, որ ինքը պարզել է, որ իրականում լրագրողը զանգել է իր համարով մեկ այլ քաղաքացու, սակայն 094-ի փոխարեն 093-ով։ Aravot.am-ն էլ իր հերթին, հղում անելով իր տեղեկություններին, տեղեկացրել էր, որ 093-ով համարը պատկանում է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին։

Հիշեցնենք, որ երեկ մեր կայքի տված հարցազրույցում Խաչատրյանը հերքել էր, թե ինքը նմանատիպ խոսակցություն է ունեցել։

Այսօր հաղորդագրություն տարածեց նաև Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը, որում մեկ անգամ ևս հերքվում էր մարզպետի որևէ տեսակի առնչությունը նշված հարցազրույցի հետ։ Մարզպետարանը նաև, հղում անելով սեփական ուսումնասիրությանը՝ տեղեկացնում էր, որ զանգը կատարվել է 093 00 00 77 հեռախոսահամարին և «հարցազրույցը» տարվել է դրա տիրոջ հետ։ Ավելին, ըստ հաղորդագրության, «գիշերային սադրիչ զրույցի մեջ ներքաշված անձնավորությունը, պատրաստ է այդ մասին առավել հանգամանալից ներկայացնել ամեն մի լրատվամիջոցի»։

Վերը նշված «093-ով համարին» Tert.am-ի թղթակցի զանգին պատասխանեց որպես Արայիկ ներկայացած մի քաղաքացի, որն ասաց, որ ոչ մի նմանատիպ խոսակցությունից տեղյակ չէ, և ոչ էլ զինվորական է։