Նախկին քաղբանտարկյալը հետ է վերցնում իր հայցադիմումը Եվրոդատարանից

11:49 • 07.02.12

Նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը դիմում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և հայտնել, որ ցանկանում է հետ վերցնել իր հայցադիմումը, որի տակ մեկուկես տարի առաջ իրենց ստորագրություններն էին դրել մի շարք քաղբանտարկյալներ և ուղարկել դատարան՝ բողոքելով, որ ՀՀ-ում քաղաքական հայացքների համար մարդկանց նկատմամբ հետապնդումներ են իրականացվում:

«Սա իմ բողոքի ձևն է ՀԱԿ-ի («Հայ ազգային կոնգրեսի») և նրա այսօրվա քայլերի դեմ: Ես չեմ ուզում գործիք դառնալ նրանց նեղ անձնական շահերի իրագործման համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուրեն Սիրունյանը:

Սիրունյանի դիմումի մեջ նշված է, որ հայցադիմումը հետ վերցնելը պայմանավորված չէ իշխանության կողմից նրա նկատմամբ որևէ ճնշմամբ կամ ազդեցությամբ:

«Ես դիմումի մեջ նշել եմ, որ այժմ ավելի հստակ եմ գիտակցում, որ ՀՀ-ի դեմ բողոք ներկայացնելը չի բխում իմ սկզբունքներից»,- ասաց նա և ավելացրեց, որ ինքն իրեն այլևս քաղբանտարկյալ չի համարում՝ չնայած դատարապարտվել է քաղաքական հայացքների համար:

«Մեր երկրում Գագիկ Ջհանգիրյանն է որոշում, թե ով է քաղբանտարկյալը, ով ոչ: Ինքը հայտարարել էր որ ես քաղբանտարկյալ չեմ ու իբր գործարքի մեջ եմ մտել իշխանության հետ»,- ասաց նա:

Սիրունյանը նաև տեղեկացրեց, որ իր բողոքին միացել են տասնյակ մարդիկ և ՀԱԿ-ից դուրս գալու մասին պաշտոնապես կհայատարարեն մոտ օրերս: