Սիրիայի քրիստոնյաները հեռանում են բախումների շրջաններից
Սիրիայի քրիստոնյաները հեռանում են բախումների և անկարգությունների վայրերից, քանի որ վստահ չեն վաղվա օրվա վրա և վախենում են երկրի իսլամացումից, հայտարարել է Վատիկանի ռադիոն, հղում անելով ֆրանսիական բարեգործական կաթոլիկ L'Oeuvre d'Orient կազմակերպության տվյալներին:
Եպիսկոպոս Ժան-Կլեմենտ Ժամբարի խոսքերով, Սիրիայի քրիստոնյաները մտավախություններ ունեն, որ Սիրիայում ևս կարող է Իրաքի սցենարը կրկնվել, երբ ամերիկյան ռազմական միջամտությունից և 2003թ. Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո` երկրի կտրուկ իսմալացում տեղի ունեցավ, ինչն Իրաքից քրիստոնյաների գաղթի հանգեցրեց:
Սիրիայի քրիստոնեական համայնքը մոտ 2 մլն է, երկրի բնակչության մոտ 9%-ը:
Հոմս քաղաքի քրիստոնյա բնակչության 30%-ը որոշել է Սիրիայից հեռանալ: Քաղաքում չդադարող բախումները և անկարգությունները ուղղորդվում են նաև եկեղեցիների պղծմամբ և վնասմամբ:
Հոգևորականը խիստ քննադատության է ենթարկել միջազգային ԶԼՄ-ների կողմից Սիրիայի իրադարձությունների լուսաբանումը, դրանք անվանելով խիստ միակողմանի:
Հիշեցնենք, որ Հոմս քաղաքում զինված գրոհայինները ականանետերից ռմբակոծել էին Բաբա Ամրո թաղամասը և մի շարք այլ թաղամասեր, որտեղ քրիստոնյաներ են բնակվում:









