Նացիստական դաջվածքն օգնել է բացահայտել սպանությունը
Մերձմոսկովյան Նոգինսկ քաղաքի մի բնակիչ անտառում դիակ է գտել, որի վրա եղել է նացիստական Jedem das Seine դաջվածքը, տեղեկացնում է vz.ru լրատվական կայքը։
Ռուսաստանի ՆԳՆ-ից հայտարարել են, որ դաջվածքը ոչ միայն օգնել է պարզել սպանվածի ինքնությունը, այլև՝ գտնել մարդասպանին։
«Հունվարի վերջին Նոգինսկի անտառներից մեկում մի շուն վարժեցնող նկատել է սպանվածի դին և անմիջապես այդ մասին տեղեկացրել ոստիկանությանը։ Սպանվածի մարմնին գերմաներենով գրված դաջվածք կար՝ «յուրաքանչյուրին իրենը», արտահայտությամբ։ Այդ տողերի շնորհիվ մեզ հաջողվեց պարզել սպանվածի ինքնությունը»,- այս մասին ասվում է ՆԳՆ-ի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում։
Հանցագործը նախկինում դատապարտված է եղել և խոստովանել է իր մեղքը։
Նրա խոսքերով՝ ծագած կռվի արդյունքում նա մի քանի անգամ աթոռով հարվածել է տղամարդու դեմքին, ինչից հետո, խուճապահար որոշել է թաքցնել դին։









