Այսօր Չարլզ Դիքենսի ծննդյան 200-ամյակն է

11:40 • 07.02.12

Մեծ Բրիտանիայում և աշխարհի այլ երկրներում այսօր նշում են ամենահայտնի և հաջողակ բրիտանացի գրողներից մեկի` Չարլզ Դիքենսի ծննդյան 200-ամյակը: Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն, գլխավոր արարողությունը տեղի կունենա լոնդոնյան Վեստմինստերի աբբայությունում, որտեղ 1870թ-ից ամփոփված է գրողի աճյունը:

Դիքենսի գերեզմանին ծաղկեպսակ կդնի արքայազն Չարլզը, նրան կհետևեն գրողի ժառանգները: Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև գրողի հայրենի Պորտսմուտ քաղաքում:

Դիքենսի հոբելյանի կապակցությամբ BBC-ն հետազոտություն է պատվիրել, որի հեղինակներն առաջին անգամ կազմել են գրողի ստեղծագործական ժառանգության արժեքը` եթե այն լիներ ապրանքանիշ: Հետազոտությունը կատարած Interbrand խորհրդատվական ընկերությունը հաշվել է, որ «Օլիվեր Թվիսթի» և «Պիկվիկյան ակումբի հետմահու գրությունների» հեղինակն ամեն տարի բրիտանական տնտեսությանը բերում է մոտ 280 մլն ֆունտ (մոտ 440 մլն դոլար):

Ինչպես գրում է BBC-ի թղթակիցը, փողը միշտ եղել է Դիքենսի` որպես գրողի հետաքրքրությունների ամենագլխավոր առարկաներից մեկը:

«Գրողներից և ոչ մեկն այդքան ուշադրություն չի դարձրել փողի ուժին ու աղքատության տառապանքներին, որքան Դիքենսը, ով լավ գիտե` ինչ է աղքատությունը, և դրանից հետո, որքան էլ սկսել է խոշոր գումարներ վաստակել, երբեք չի մոռացել իր աղքատ անցյալի մասին»,- գրել է լրագրողը:

Գրողը, արդյունքում, մահացել է հարստության մեջ` իրենից հետո թողնելով հարուստ գրական ժառանգություն:

Դիքենսի ստեղծագործությունները լավ վաճառվում են նաև այսօր, նրա գրքերը հրատարակիչներին բերում են տարեկան մոտ 3 մլն ֆունտ, իսկ նրա նովելների էկրանավորումը` 34 մլն, թատերական ներկայացումները` 64 մլն ֆունտ:

Ըստ BBC-ի հետազոտության` եկամուտների «առյուծի բաժինն» ընկնում է զբոսաշրջությանը. Լոնդոնում, Պորտսմուտում և Քենթի կոմսությունում գրողի թանգարանները զբոսաշրջիկների մշտական տեսարժան վայրերից են: