Սուրբ Վալենտինի օրվա ամենաթանկարժեք նվերն աճուրդի է հանվել (լուսանկարներ)
Սուրբ Վալենտինի օրը սարերի ետևում չէ, և սիրահարներին անհրաժեշտ է մտածել` ինչով ուրախացնել իրենց սիրեցյալներին: Նրանց այդ հարցում կարող է օգնել հավաքորդ Ալեքս Քերոլը:
Տղամարդը շքեղ նվերների աճուրդի է ներկայացրել The Crown Jewel of the Sea անունը կրող իր: Այն սրտաձև հնագույն ժամացույց է, որը պատրաստված է Բալի կղզուց բերված 20 մլն տարվա քարացած աստղաձև կորալից: Ժամացույցը զարդարված է կարմիր բյուրեղներով, որոնք թվերի դեր են կատարում:
Քերոլը, ի դեպ, սրտաձև իրերի մի ամբողջ հավաքածու ունի, որոնք բոլորն էլ պատրաստված են բնական նյութերից: Դրանց մեջ գերակշռում են ժամացույցներն ու կախազարդերը:
Անսովոր ժամացույցի մեկնարկային գինն աճուրդում 1 մլն դոլար է: Վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի բարեգործական նպատակների, իսկ ում հատկապես` կորոշի աճուրդի հաղթողը:
Ալեքս Քերոլը հայտարարել է, որ նրա պատրաստած հնագույն ժամացույցն ու դրան կից ոսկե կախազարդը կարող է գնել արքայազն Ուիլյամը` իր կնոջ` Քեյթի համար:











