Արգենտինան դժգոհ է Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիների ռազմականացումից

10:48 • 08.02.12

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` դժգոհություն հայտնելով Մեծ Բրիտանիայի գործողություններից:  

«Մեծ Բրիտանիան կրկին ցանկանում է ռազմականացնել Հարավային Ատլանտիկայի շրջանը», - ասել է նա:

Reuters գործակալության համաձայն` նախագահը նշել է, որ բրիտանական ավիակրի առկայությունը Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիների ջրային հատվածում սպառնում է միջազգային անվտանգությանը:

«Եթե կա ինչ-որ բան, որը մենք ուզում ենք պաշտպանել, դա տարածաշրջանային խաղաղությունն է»,- ասել է Կիրշները:

Պետության ղեկավարը նաև քննադատել է արքայազն Ուիլյամին, որը վերջերս կղզիներ է եկել զինվորական ծառայություն անցնելու համար:

«Մենք կնախընտրեինք տեսնել նրան քաղաքացիական հագուստով, այլ ոչ զինվորական»,- ասել է նա:

Արքայազն Ուիլյամը կղզիներում կմնա վեց շաբաթ: Նրա պարտականության մեջ է մտնում օվկիանոսում աղետի ենթարկված նավին փրկելը, մարդկանց հիվանդանոց հասցնելը և այլն:

Բուենոս Այրեսը քննադատել է կղզիներ արքայազնին ուղարկելու` Լոնդոնի որոշումը: Ուիլյամի այցը սրել է Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի հարաբերությունները, հատկապես` ռազմական հակամարտության 30-ամյակի նախաշեմին, որի ընթացքում Մեծ Բրիտանիային հաջողվեց վերադարձնել կղզիները, որոնք Արգենտինան զավթել էր 1982-ի ապրիլին: