Ռուսաստանում ողջ մնացած ուղեկցորդուհին 7 մլն ռուբլի է պահանջում

22:48 • 08.02.12

Պետրոզավոդսկի մոտ կործանված Ту-134-ի ողջ մնացած ուղեկցորդուհին 7 մլն ռուբլի է պահանջում ավիաընկերությունից, հայտնում է РИА Новости-ին` հղում կատարելով РАПСИ գործակալությանը:

Պետրոզավոդսկի օդանավակայանում վայրէջք կատարել պատրաստվող Մոսկվայից ժամանած ինքնաթիռը վթարի էր ենթարկվել 2011-ի հունիսի 20-ին: 52 ուղևորներից 45-ը մահացել էին:

Ուղեկցորդուհի Յուլիա Սկվորցովան դատարանին խնդրել է 7 մլն ռուբլի գումար բռնագանձել РусЭйр ավիաընկերությունից` իր բուժման համար օգտագործելու նպատակով:

Ըստ Սկվորցովայի փաստաբանի` իր պաշտպանյալը ինքնաթիռի կործանման ժամանակ վնասվածքներ և այրվածքներ է ստացել, 3 վիրահատություն է տարել, ապա երկար ժամանակ ստացիոնար բուժում է անցել: Այժմ այդ գումարը հարկավոր է ուղեկցորդուհու պլաստիկ վիրաբուժության միջոցով բուժվելու համար:

Փաստաբանը հայտնել է, որ РусЭйр-ն ինքը չի վճարել բուժման ծախսերը:

Հնարավոր է, սակայն, որ ավիաընկերությունը միայն 3 մլն ռուբլի վճարի, այն էլ` որպես բարոյական վնասի փոխհատուցում: