Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում գերմանացիների օգնությունն է հայցում
Եվրամիության հարցերով թուրք նախարար Էգեմեն Բաղըշը կոչ է արել Գերմանիային լուծել Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև Հայոց ցեղասպանության շուրջ պատմական վեճը:
Ինչպես գերմանական Welt-ի հետ զրույցում նշել է նախարարը, պատմական վիճահարույց հարցը լուծելու համար, նա դիմել է գերմանական իշխանություններին:
«Գերմանական արխիվներում պետք է լինեն 1915 թվականի դեպքերի մասին փաստաթղթեր»,- ասել է նա` կոչ անելով Բեռլինին բացել իր արխիվները պատմաբանների համար:
Բաղըշն ընդգծել է, որ այն փաստաթղթերը, որոնք ինքն է տեսել, «ապացուցում են, որ Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացման նպատակ չի հետապնդվել, այլ եղել է քաղաքացիական պատերազմ»: Նրա խոսքով` «զոհեր եղել են և թուրքերի, և հայերի կողմից»:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Այժմ ֆրանսիական Սահմանադրական դատարանը քննում է օրենքի` երկրի սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Նշենք, որ Բաղըշի նկատմամբ Շվեյցարիայում հնարավոր է հետաքննություն սկսվի` երկրի տարածքում հայերի ցեղասպանությունը հերքելու համար:









