Բեյրութում ամերիկյան անձնագրեր ու զենք է կուտակվում. իրանական հեռուստատեսություն

14:49 • 08.02.12

Իրանական պետական հեռուստաընկերությունը` վկայակոչելով Լիբանանի անվտանգության ուժերի ներկայացուցիչներին, հայտնել է, որ փոստով Բեյրութ է տեղափոխվել ամերիկյան դոլարների խոշոր խմբաքանակ, սպառազինություն, ԱՄՆ-ի ու Բրազիլիայի անձնագրերի բլանկեր ու վարկային քարտեր:

Բեռներն ավիացիոն փոստի կողմից ստացվում են ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ անձանց հասցեներով: Ըստ աղբյուրի` ստացողներից շատերը կապ ունեն ծայրահեղական խմբավորումների հետ:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Անվտանգության ծառայությունը բեռներ ստացողներից ոմանց կանչել է հարցաքննության, որոնց մի մասին ձերբակալել է:

Ավելի վաղ Լիբանանի պաշտպանության նախարար Ֆայեզ Ղոսնը հայտարարել էր, որ «Ալ Կաիդա»-ի մարտիկներից շատերը, որոնք մասնակցում են Սիրիայում շարունակվող բախումներին`  ընդդիմության կողմից, Սիրիա են ներթափանցում Լիբանանի տարածքով: Ըստ նախարարի` լիբանանա-սիրիական սահմանով, հնարավոր է, զենքը հենց նրանց է առաքվում: