Ռուսաստանում աշխատողների միայն 15%-ն է շեֆերի «պորտը տեղը դնում»
Ռուսական ընկերությունների աշխատակիցների գրեթե կեսն (59%) իրենց վրա ղեկավարության կողմից հոգեբանական ճնշում են զգում, իսկ 36%-ը դա զգում է ամեն օր:
HeadHunter ընկերության հարցումների համաձայն` աշխատողների մեծ մասը (43%) այդ ճնշումների ազդեցության տակ մտածում է աշխատանքից ազատվելու մասին, 21%-ը, հակառակը, ակտիվանում և սկսում է առավել արդյունավետ աշխատել: Միայն 15%-ն է պատասխան տալիս ղեկավարների ճնշումներին:
Հարցվածների 34%-ը գտնում է, որ ղեկավարները, ճնշում գործադրելով, փորձում են իրենց աշխատողների հաշվին ինքնահաստատվել: Գրեթե նույնքանն էլ վստահ է, որ ճնշումը բնորոշ է յուրաքանչյուր ղեկավարի (30%):
Հարցվել են նաև ղեկավարները: Նրանց 72%-ը խոստովանել է, որ «տանջում» է աշխատողներին: Ղեկավարները դա բացատրում են նրանով, որ իրենց վրա ընկած է պատասխանատվության մեծ զգացում, և ճնշում գործադրելը միջոց է իրավիճակը հսկողության տակ պահելու համար:
HeadHunter-ի հարցումն անցկացվել է փետրվարի 1-7-ն ընկած ժամանակահատվածում, կայքի 3.351 այցելուների շրջանում:









