«Մուսուլման եղբայրները» թույլ չեն տվել Եգիպտոսի խորհրդարանը վերածել մզկիթի
Եգիպտական խորհրդարանում կրոնական թեմայով հերթական սկանդալն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, հերթական նիստի ժամանակ սալաֆիթական «Ան- Նուր» կուսակցության պատգամավոր Մամդուխ Իսմայիլը կանգնել է ու ամբողջ դահլիճով մեկ ընթերցել բառեր, որոնք սովորաբար ասում է մուեզինը` բոլոր հավատացյալներին հայտարարելով աղոթքի ժամի մասին:
Խորհրդարանի նախագահ Սաադ ալ Կատատնին` «Մուսուլման եղբայրների» քաղաքական թևից` «Ազատություն և արդարություն» կուսակցությունից (հաղթել է Եգիպտոսի խորհրդարանական ընտրություններում և զբաղեցնում է խորհրդարանում տեղերի գրեթե կեսը) փորձել է նրան կարգի հրավիրել, սակայն ազանը կարդացվել է մինչև վերջ:
«Ես թույլ չեմ տա նման արարքներ: Մեզ պետք չէ շանտաժի ենթարկել, դուք այնքան մուսուլման չեք, որքան մենք: Նիստերի դահլիճը նախատեսված է քննարկումների համար, իսկ եթե ցանկանում եք աղոթել, գնացեք մզկիթ», - ասել է նա:









