Վաշինգտոնն ու Մոսկվան չեն մրցում Ուկրաինայի համար. Ֆիլիպ Գորդոն

11:56 • 08.02.12

Ուկրաինայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ մրցակցային պայքար չի մղում Ուկրաինայի համար: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը, Գորդոնը նշել է, որ իրենք «չեն կարծում, թե Ուկրաինան ցանկանում է կորցնել իր անկախությունը և լինել ինչ-որ մեկի ազդեցության տակ»:

«Մենք ցանկանում ենք Ուկրաինայի հետ ունենալ առավել զարգացած հարաբերություններ: Ցանկանում ենք, որպեսզի այն կենտրոնանա եվրատլանտյան ինստիտուտների, ԱՄՆ-ի ու Եվրամիության ուղղությամբ: Մենք չենք կարծում, որ դա կհանգեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը», - ասել է նա:

Պետքարտուղարի օգնականի խոսքով` Վաշինգտոնը չի խնդրում Ուկրաինային խուսափել Ռուսաստանի հետ հարաբերություններից, «սակայն մենք նաև չենք ցանկանում , որ Ուկրաինան չափից շատ կախվածության մեջ լինի Ռուսաստանից»:

Գորդոնը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է և վճռականությամբ լի Ուկրաինիայի ժողովրդավարությանն աջակցելու հարցում:

«Մեր կարծիքով` ուկրաինացի ժողովուրդը ցանկանում է, որ իր երկրում լինեն ազատ ու ժողովրդավարական ինստիտուտներ, ծաղկող շուկայական տնտեսություն, Եվրամիության հետ լավ հարաբերություններ և այս կառույցին անդամագրում, ինչպես նաև դրական հարաբերություններ ԱՄՆ-ի հետ»,- ասել է Գորդոնը:

Կիևում ԱՄՆ պաշտոնյան հանդիպումներ է ունեցել վարչապետի, նախագահի աշխատակազմի ղեկավարի և փոխարտգործնախարարի հետ: