Շփման գծի դիտարկման ընթացքում հրադադարի խախտում չի արձանագրվել

13:11 • 08.02.12

Փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մերձակայքում:

ԼՂՀ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն` դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա /:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: