ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրված մարտիկների ընտանիքները նպաստ չեն ստանում
Մինչև Հայաստանում չլուծվի Արցախի հերոսամարտում զոհված և ԼՂՀ-ի կողմից հետմահու պարգևատրված ՀՀ քաղաքացիների ընտանիքների խնդիրները, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը չի կրելու այն պարգևը, որը ստացել է բանակի 20-ամյակի առիթով:
«Ես իհարկե շատ եմ հարգում Ազգային ժողովի նախագահին ու Պաշտպանության նախարարին և շնորհակալ եմ այն բանի համար, որ գնահատում են իմ համեստ լուման հայոց բանակի հզորացման գործում, բայց զոհվածների ընտանիքներին խոսք եմ տվել չկրել, մինչև հարցը չլուծվի»,- Tert.am-ի հետ զրույցում Հրայր Կարապետյանը:
Արցախյան հերոսամարտում զոհված 65 ՀՀ քաղաքացիներ հետմահու 1-ին և 2-րդ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվել են ոչ թե ՀՀ նախագահից, այլ ԼՂՀ նախագահից, ինչը խոչընդոտ է դարձել նրանց նպաստ ստանլու իրավունքին:
«Այն բոլոր զինվորները, որոնց պարգրատրել է ՀՀ նախագահը, նրանց ընտանիքները նպաստներ ստանում են, իսկ ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվածները` ոչ: Բանն այն է, որ ԼՂՀ-ում չկա այնպիսի օրենք, ըստ որի, այդ 65-ին էլ նպաստ ստանան: Բայց մենք չպետք է տարանջատենք միասնական հայրենիքի համար մարտնչած տղաներին: Ես բազմաթիվ նամակներ եմ ստանում զոհված տղաների ծնողներից, ովքեր պահանջում են խնդրի արդարացի լուծում»,- ասաց Հրայր Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը երեկ Աժ-ում հանդես եկավ նախաձեռնությամբ, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը տարածվի նաև ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրված 65 զինվորների ընտանիքներին:
«Այս օրենսդրական նախաձեռնությունը մերժվել է կառավարության կողմից»,- ասաց նա` ավելացնելով, որ այնուհետև հանձնաժողովը առաջարկություն էր արել այդ ընտանիքներին տարեկան 80 մլն դրամ տրամադրել, սակայն բյուջեում դրա համար գումար չի գտնվել: Կարապետյանը հարցին լուծում տալու համար օրեր առաջ նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին և այժմ սպասում եմ նրա պատասխանին:









