Մարտի են գնում լրագրողներն ու մամուլի քարտուղարները

16:00 • 08.02.12

Վերջին օրերին մամուլում լուրեր են հայտնվել այն մասին, որ որոշ լրագրողներ և մամուլի քարտուղարներ պատգամավոր դառնալու ցանկություն ունեն։ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանն արդեն իսկ հաստատել է այն լուրը, որ ինքը պատրաստվում է ԲՀԿ–ի համամասնական ցուցակում ընդգրկվել և դառնալ պատգամավոր։

Այսօրվա մամուլում լուրեր կան այն մասին, որ պատգամավոր դառնալու ցանկություն ունի նաև «Առավոտ» օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը, ինչպես նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ու վարչապետի օգնական, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը՝ կրկին ՀՀԿ–ի համամասնական ցուցակով։ Թե որ լուրերն են համապատասխանում իրականությանը և ինչպես են այս երևույթին վերաբերում քաղաքական ուժերը, փորձել է պարզել Tert.am–ը։

Մարգարիտ Եսայանը հայտարարել էր, որ առաջին անգամ է լսում այդ մասին, բայց դեմ չի լինի և կցանկանա պատգամավոր դառնալ: Չնայած դրան՝ «Հայացք» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Մարգարիտ Եսայանն անպայման ընդգրկվելու է ՀՀԿ-ի համամասնական ցանկ։

«Ես այս պահին արտգործնախարարի մամուլի քարտուղարն եմ»,– մեր հարցին, թե արդյոք հիշյալ լուրը համապատասխանում է իրականությանը, հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Ի դեպ, մամուլում շրջանառվում է նաև ՀՀԿ համամասնական ցուցակում ՀՀ նախագահի նախկին խոսնակ, ներկայում Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Սամվել Ֆարմանյանին ընդգրկելու վարկածը։ «Ես մշտապես հետաքրքրված եմ եղել խորհրդարանական աշխատանքով, և ավելին, 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես առաջադրվել եմ Նոր Նորքի 2-րդ ընտրատարածքում։ Այո, ես նման մտադրություն հիմա էլ ունեմ և օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում, երբ այդ մտադրությունը կվերածվի կոնկրետ քաղաքական որոշման, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչ իմ գործընկերները կտեղեկանան այդ մասին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ֆարմանյանը։

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել իր անվան հետ կապվող լուրերը։ «Ես որևէ մեկնաբանություն չեմ ուզում անել այդ կապակցությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց Անանյանը։

Շրջանառվող որոշ խոսակցությունների համաձայն՝ առաջիկա խորհրդարանում կլինի նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը։ Մեր հարցին, թե արդյո՞ք դա հնարավոր է օրինակ ՀԱԿ–ի ցուցակում ընդգրկվելով, Փաշինյանը պատասխանեց, թե ՀԱԿ–ի համամասնական ցուցակը դեռ պատրաստ չի։

«Իմ նպատակը պատգամավոր դառնալը չի, իմ նպատակը Հայաստանում գլոբալ փոփոխությունների հասնելն է, այսինքն՝ քաղաքացիական հեղափոխություն իրականացնելը, իսկ թե այդ նպատակին հասնելու համար որ միջոցը կլինի, դա արդեն կարևոր չէ»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Մեր հարցին, թե օրինակ իր պատգամավոր դառնալը որքանով կնպաստի իր նշած նպատակի իրականացմանը, Փաշինյանը պատասխանեց. «Եթե ՀԱԿ–ը իսկապես ընտրություններում մեծամասնություն կազմի, դա արդեն ինքնին կլինի հեղափոխություն»։ Նրա խոսքով՝ ժողովուրդն է որոշում, թե ով պետք է դառնա պատգամավոր, հետևաբար իր համար կարևոր է, որ ժողովուրդն իր կամարտահայտման միջոցով ձևավորի իշխանությունը։ «Եթե ՀԱԿ–ը այնքան շատ ձայն չստանա, բայց ժողովուրդը համարի, որ դա իր կամարտահայտությամբ ձևավորած իշխանությունն է, ես դա արդեն իսկ կհամարեմ մեծ հաջողություն»,– եզրափակեց «ՀԺ»–ի գլխավոր խմբագիրը։

Tert.am–ի տեղեկություններով՝ Ազգային ժողով մտնելու մտադրություններ ունեն նաև «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը։ «Նման հարց չի քննարկվել»,– մեր հարցին պատասխանեց Խաչիկ Գալստյանը։ Իսկ երբ հարցրինք, թե արդյո՞ք նման ցանկություն չունի, Գագիկ Ծառուկյանի խոսնակն ասաց. «Այդ հարցը որոշում է կուսակցության նախագահը. պարոն Ծառուկյանի հետ այս հարցով չենք զրուցել»։

«Այն, որ հնարավոր է, որ ես զբաղվեմ քաղաքականությամբ, չի բացառվում, բայց թե ում հետ, ինչ ձևաչափով, դեռ վերջնական որոշված չէ»,–Tert.am–ի հետ զրույցում հայտարարեց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։ Նա նշեց, որ չի բացառում պատգամավոր դառնալու հնարավորությունը՝ ընդգծելով, որ այդ հարցի շուրջ ընդհանուր զրույցներ եղել են, սակայն դեռ առանձին առաջարկներ չեն քննարկվել։

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում չանդրադարձավ ՀՀԿ–ի համամասնական ցուցակում վերը նշված անձանց ընդգրկման հնարավորությանը՝ նշելով. «Չեմ ցանկանում մասնավորեցնել, բայց նշեմ, որ ՀՀԿ–ն համամասնական ցուցակի հարցը չի քննարկել։ Այն կքննարկվի, համագումարին հաջորդող օրերին սահմանված կարգով կներկայացվի, իսկ թե այդ ցուցակում ով կլինի, ով չի լինի, չեմ կարող ասել»։

«Ինչպե՞ս եք վերաբերվում այն երևույթին, որ լրագրողները մտնում են քաղաքականություն» Tert.am–ի հաջորդ հարցին Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ակտիվ հասարակական գործիչների ներգրավմանը քաղաքականություն նորմալ եմ վերաբերվում»։ Նրա խոսքով՝ առաջին անգամը չէ, որ ՀՀԿ–ն իր ցուցակում ընդգրկում է ակտիվ հասարակական գործիչներին, որոնք իրենց զորակցությունն են հայտնում նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած քաղաքական կուրսին։։

«Ամենքը մի տեղից գալիս են, դառնում պատգամավոր՝ մեկը մանկավարժ է, մեկը գործարար։ Այնպես որ նորմալ եմ վերաբերվում այդ երևույթին»,– մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը։ Ինչ վերաբերում է ԲՀԿ–ի համամասնական ցուցակում այլ լրագրողներ ընդգրկելուն, Մհերյանը շեշտեց, որ կուսակցության ցուցակները դեռ քննարկման փուլում են, և այս պահին որևէ վերջնական բան չկա։

Նկատենք, որ լրագրողներին իրենց խմբակցությունում ներառելու պրակտիկա ԲՀԿ-ն արդեն իսկ ունի։ 2007թ. ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության շարքերում հայտնվեցին լրագրողներ Նաիրա Զոհրաբյանն ու Արամ Սաֆարյանը։

P-art ընկերության նախագահ, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Tert.am–ի հետ զրույցում երևույթի մասին խոսելիս նշեց. «Այդ երևույթը վկայում է նրա մասին, որ ցանկանում են մաքրել Ազգային ժողովը, ավելի քաղաքականապես գրագետ մարդիկ բերեն»։ Ըստ նրա՝ լրագրողների՝ քաղաքականություն մտնելու երևույթը նոր չէ և հատուկ է շատ երկրների։

«Դա նորմալ է, երբ լրագրողները՝ հատկապես քաղաքական լրագրողները, մտնում են քաղաքականություն։ Համենայն դեպս, դա ավելի նորմալ է, քան որ խորհրդարանում նստում են 4–րդ դասարանի կրթություն ունեցող մարդիկ»,– ասաց Քոչարյանն՝ ավելացնելով, որ լրագրողների՝ քաղաքականություն մուտք գործելով լրատվական դաշտը չի թուլանում։ «Իհարկե, միշտ ցավալի է, երբ լավ մասնագետը գնում է, բայց սուրբ տեղը դատարկ չի մնում»,– նշեց քաղտեխնոլոգը։