Մեդվեդևին խնդրում են «ռուսական լրտեսին» փրկել ադրբեջանական բանտից

23:09 • 08.02.12

Ռուսաստանի քաղաքացի, 2009թ. Ադրբեջանում լրտեսության մեղադրանքով դատապարտված Փոլադ Կասիմովի մայրը դիմել է ՌԴ նախագահ Մեդվեդևին: Lenta.ru-ի հաղորդմամբ, մայրը ՌԴ նախագահի աջակցությունն է նխդրում Ադրբեջանում պատանդ պահվող որդուն ազատ արձակելու հարցում:

Նամակում, ադրբեջանական բանտում պահվողի մայրը` Ռաիսա Կասիմովան պնդում է, որ որդու մեղքի ապացույցներ չկան և «լրտեսական գործը» ադրբեջանական կողմը օգտագործում է Գաբալայի ՌՏԿ-ի հարցում որպես Ռուսաստանի դեմ լծակ: Նամակագրի կարծիքով, ՌԴ-ի դիվանագետները Գաբալայի ՌՏԿ-ի բանակցությունների ֆոնի վրա պասիվություն և չափազանց համբերատարություն են ցուցաբերում նրա որդու խնդրի շուրջ:

Փոլադ Կասիմովը, Провинции.Ру-ի տեղեկություններով, ՌԴ Բրյանսկի շրջանում է ծնվել: Նա ռազմական ուսումնարանն է ավարտել, ծառայել է հրթիռային ուժերում: 2001-2005թթ. Կասիմովը ծառայել է Գաբալայի ՌՏԿ-ում: Ապա թոշակի է անցել և բնակություն հաստատել Բաքվում: Պահեստազորի փոխգնդապետ է:
2009թ. ձերբակալվել է և Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտվել 12 տարի բանտարկության:

Ադրբեջանի ռազմական դատարանի մեղադրականում նշվում է, որ Կասիմովը ՌԴ դաշնային անվտանգության ծառայության աշխատակից է և Ռուսաստանի համար ինչ-որ «գաղտնի տեղեկություններ» է հավաքել:

Կասիմովի կնոջ պմդմամբ, 2009թ. սկզբին նրա ամուսնուն ձերբակալել է ադրբեջանի հատուկ ծառայությունը: Ճնշումների և սպառնալիքի ներքո Կասիմովին ստիպել են խոստովանություն ստորագրել: Հետագայում նա այդ ցուցմունքներից հրաժարվել է: