Իշխանությունները դեռ ժամանակ ունեն. ԺՀԿ հայտարարությունը

17:07 • 08.02.12

«Ժողովրդավարական հայրենիք կուսակցության» հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնում երկրում առկա հասարակական-քաղաքական մթնոլորտի կապակցությամբ և զգուշացնում իշխանություններին, որ իրավիճակը փոխելու ժամանակ դեռ կա։ Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև.

Վերլուծելով Հայաստանի նորագույն պատմության 2000 թ.-ից հետո ընկած ժամանակահատվածը և գործող վարչախմբի կառավարման <<բարեփոխիչ>> քայլերը` կարելի է վստահաբար հաստատել, որ նրանք Հայաստանում հաստատում են տնտեսական կառավարման նոր համակարգ` քրեա-ոստիկանական խանություն:

2008թ. մարտի 1-ի սպանդից հետո, հետևելով Ս.Սարգսյանի հրապարակային ելույթներին, տպավորություն էր ստեղծվում, որ նա փորձ է անում կանգնեցնել Ռ.Քոչարյանի ձևավորած մարդու արժանապատվությունը ոչնչացնող համակարգը: Բայց իրականում ոչինչ չի փոխվում` վերջերս լրագրողի նկատմամբ գործ սարքելու փաստը հաստատեց նրա գործունեության իմիտացիոն բնույթը:

2012թ. սպասվող ԱԺ ընտրությունների նախապատրաստական փուլը լրջագույն մտահոգություն պետք է առաջացնի մեր հասարակության մոտ, մասնավորապես` իշխանությունների հայտարարությունը ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին, մեղմ ասած, կեղծ ու անհիմն է: Ինչպե՞ս կարելի է հավատալ նրանց կողմից առաջ քաշվող պնդումներին` կուսակցությունների ազատ մրցակցային հնարավորությունների մասին, երբ ընտրություններից ամիսներ առաջ կոալիցիոն կուսակցությունները, շրջանցելով օրենքները, «բարեգործությունների» անվան տակ ընտրակաշառքներ են բաժանում, իսկ արդեն ընտրության նախաշեմին` իրենց գործելաոճին համապատասխան, առգրավում են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակը:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը մտահոգված է, որ իշխող վարչախումբը իր անպատասխանատու քայլերով մարտի 1-ի կրկնության հնարավորություն է ստեղծում, ինչը կործանարար կլինի մեր պետականության համար:
Այնուամենայնիվ` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ իշխանությունները դեռևս ժամանակ ունեն, թեկուզ ուշացած, հետևություն անելու, հակառակ պարագայում` նման զարգացումների դեպքում համոզված ենք, որ Հայաստանի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժերը, որոնց առաջին շարքերում կլինի «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, կուղորդեն հասարակության արդարացի ցասումը` Հայաստանում հաստատելու Սահմանադրական կարգը: