Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ին հորդորում է զերծ մնալ իրենց հետ մենթորական ոճով խոսելու պրակտիկայից
Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերադառնալու է ԱԺ նիստերի դահլիճ և կմասնակցի օրինագծերի քննարկմանն ու կառավարության հետ հարցուպատասխանին: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում հայտարարվեց, որ ԲՀԿ-ի բոյկոտը վերաբերում էր միայն փետրվարի 7-ին:
«Իհարկե մասնակցելու ենք, որովհետև խորհրդարանը որևէ մեկի սեփականությունը չէ և խորհրդարանում մենք բազում անելիքներ ունենք»,- Tert.am-ի հետ զրույցում հաստատեց «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ երեկ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտնել էր, որ ԲՀԿ-ն հանձնաժողովի նիստում կողմ է արտահայտվել օրինագիծը նստաշրջանի օրակարգում ներառելուն:
«Մեր խմբակցության պաշտոնական տեսակետը ներկայացված է ուրբաթ օրվա նիստում, որին, ի դեպ, մասնակցել է նաև կառավարության ներկայացուցիչը, և մեր պաշտոնական տեսակետը ներկայացրել է Վարդան Բոստանջյանը՝ հստակ դեմ արտահայտվելով օրենքի նախագծին»,- պատասխանեց պատգամավորը:
Նշենք, որ այդ հանձնաժողովում ԲՀԿ-ի անդամներն են Վաչագան Խուրշուդյանը, Մուրադ Գուլոյանը և Արշավիր Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ-ական Կարեն Գևորգյանը հայտարարել էր, որ «Բարգավաճ Հայաստանը» իրավունք չունի ընդդիմադիր քաղաքական ուժերին բնորոշ կեցվածք ընդունել, քանի որ կոալիցիայի անդամ կուսակցություն է՝ «իր նախարարներով ու մարզպետներով հանդերձ»:
Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը հանրապետական գործընկերջը հորդորեց ձեռնպահ մնալ «ԲՀԿ-ի հետ խոսելու ինչ-որ մենթորական, դասախոսական» ոճից: «Իր իրավունքները, գործողությունները որոշում է բացառապես ԲՀԿ-ն , և մենք , կրկնում եմ, հաշվետու ենք բացառապես մեր ընտրողների առջև»,-հավելեց պատգամավորը:
Լուրը, որ ՕԵԿ-ից հեռացված Գագիկ Բաղդասարյանը համալրելու է ԲՀԿ կուսակցության շարքերը զվարճալի է թվացել ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին, ով այսօր նույնպես այդ մասին կարդացել է մամուլում:
Այսինքն՝ եթե անդամակցության դիմում կամ ցանկություն լինի, ԲՀԿ-ն կմերժի՞: «Ես նման բան չեմ կարող հիմա ասել, բայց որ նման բան չկա, հստակ է: Էդ դեպքում կարելի է ասել, որ ինքը կարող է դիմել ՀՀԿ-ին, «Ժառանգությանը»: Այսինքն՝ հավանականությունը, այնքան է, ինչքան մյուս քաղաքական ուժերի մոտ:









