Ի՞նչ կստանա Վրաստանը ՆԱՏՕ-ի մայիսյան գագաթնաժողովից

14:17 • 08.02.12

Eurasianet.org վերլուծական կայքի փորձագետ Ջոշուա Կուչերան անդրադարձել է ՆԱՏՕ-ին` Վրաստանի անդամակցության հեռանկարին:

«Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հեռանկարը, որը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո ետին պլան մղվեց, վերջին ժամանակներում կրկին քննարկման առարկա է դարձել: ՆԱՏՕ-ն փոխել է Վրաստանի հանդեպ հռետորությունը` առաջին անգամ այն անվանելով «պոտենցիալ անդամ» Բալկանյան այլ երկրների հետ միասին:

Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ Վրաստանն «էական առաջընթաց» է գրանցել, ինչը պետք է ընդունվի մայիսին անցկացվելիք ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովի ժամանակ:

Ի՞նչ է սա նշանակում, որ չնայած այս ամենին, Վրաստանն ունի՞ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու շանսեր: Այնքան էլ չէ. նախագահ Բարաք Օբաման վերջերս իր վրաց գործընկեր Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո իր խոսքում նշել էր «հեռանկար» բառը` բնութագրելով ՆԱՏՕ-ին վրացական անդամությունը: Ինչը նշանակում է, որ Օբաման չի տեսնում դա մոտ ապագայում:

Եվ եթե Սպիտակ տունն աջակցի էլ դրան, ինչպես մինչ 2008 թ-ի պատերազմն արել էր այն ժամանակ նախագահ Բուշի վարչակարգը, ապա չեն աջակցի եվրոպական երկրները», - գրում է Կուչերան:

Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչի, այս հարցը մայիսյան գագաթնաժողովում չի էլ քննարկվի, քանի որ ԱՄՆ-ում ընտրությունների տարի է:

«Ամեն ինչ Միացյալ Նահանգների ներքին քաղաքականության մեջ է, այդ իսկ պատճառով գագաթնաժողովը պետք է լավ անցնի: Մեզ հարկավոր չեն տարաձայնութուններ, ինչպես 2008-ին մեր ու գերմանացիների միջև էր, կամ ինչպես Վրաստանի անդամակցության կողմնակիցների ճամբարը դեմ էր մեր ճամբարին, որն այդքան էլ չի աջակցում Վրաստանին: Մեզ դա հարկավոր չէ: Այդ իսկ պատճառով վրացական հարցը չի էլ քննարկվի»,- ասել է աղբյուրը:

«Չնայած դրան, Վաշինգտոնի ու Թբիլիսիի միջև հարաբերությունները լավացել են, և ԱՄՆ-ն երախտապարտ է Վրաստանին Ռուսաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ դառնալու հարցում ցուցաբերած կառուցողական դիրքորոշման համար:

Հնարավոր է մայիսյան գագաթնաժողովում արվի խորհրդանշանական ժեստ, սակայն ոչ լուրջ և ոչ ավելին: Դա, ըստ նրա, կարվի ոչ թե Ռուսաստանին խաղաղեցնելու համար, քանի որ այս հարցը շատ կարևոր է երկրի համար, այլ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին չնեղացնելու նպատակով», - ասված է Eurasianet-ի հոդվածում: