Թուրքիայում արձանները հեռացնում են ՀՀ զինանշանին նման լինելու պատճառով (տեսանյութ)
Թուրքիայի Քյութահյա քաղաքի Դումլուփընար համալսարանի բակում տեղադրված առյուծ և արծիվ պատկերող արձանները հեռացվել այն պատճառով, որ նման են եղել Հայաստանի զինանշանին: Այս մասին հայտնում է «Միլլիյեթ» պարբերականը:
Դրանք հանելու և այն պահեստ տեղափոխելու մասին որոշում կայացրել է Քյութահյայի Դումլուփընար համալսարանի ղեկավար խորհրդը: Ռեկտորը պատմել է, որ համալսարանի մուտքի մոտ տեղադրված արձանները այնքան էլ շքեղ չեն, բացի այդ պարբերաբար բողոքներ են ստացվել, որ պատկերները շատ նման են Հայաստանի Հանրապետության զինանշանում պատկերված արծվին և առյուծին, ինչի հետևանքով էլ հունվարի 11-ին կայացվել է հեռացման որոշումը:
Սակայն արձանների հեղինակը ժխտել է այս նմանությունը`շեշտելով, որ ինքը երբեք չի ոգեշնչվել Հայաստանի զինանշանից: «Ես թուրք եմ և Աթաթուրքի գաղափարակից ազգայնական»,- ասել է նա:
Նշենք, որ նման աղմուկ առաջացավ այն բանից հետո, երբ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից պատգամավոր Օքթայ Էքչին գրավոր հարցում էր ուղարկել Թուրքիայի Կրթության և գիտության նախարարին` իմանալու համար արդյոք ճիշտ են արձանները հեռացնելու մասին լուրերը:










