Վաշինգտոնը չի բացառում Սիրիայի ընդդիմությանը զենքի մատակարարումը

09:04 • 08.02.12

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրները որոշել են վտարել իրենց երկրներում սիրիական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին:

Խորհրդի հայտարարությունում նշվում է, որ Սիրիան մերժել է արաբական պետությունների` այդ երկրի ներքաղաքական ճգնաժամը հարթելու փորձերը և վերջ դնելու 11 ամիս շարունակվող բռնություններին, գրում է BBC-ն: Խորհրդում ընդգրկված երկրները հայտարարել են նաև, որ հաջորդ շաբաթ` Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովի ժամանակ, նրանք մտադիր են որոշակի միջոցներ ձեռք առնել Դամասկոսի նկատմամբ:

Չնայած արդեն մի քանի երկրներ իրենց դեսպաններին հետ են կանչել Սիրիայից (Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ, Բելգիա, Մեծ Բրիտանիա), այնուամենայնիվ սիրիական բանակը շարունակում է հրետանային և հրթիռային հարվածները Հոմս քաղաքում:

Վաշինգտոնն իր հերթին չի բացառում սիրիական ընդդիմությանը սպառազինության մատակարարման հնարավորությունը:

«Մենք երբեք ոչինչ չենք հանում օրակարգից», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, պատասխանելով սենատոր Մաքքեյնի` Սիրիայի ընդդիմադիր ուժերին սպառազինության մատակարարման անհրաժեշտության մասին հայտարարության մասին հարցին:

«Այնուամենայնիվ, նախագահ Օբաման հասկացնել է տվել, իսկ պետքարտուղար Քլինտոնը պարբերաբար պնդում է, որ սպառազինության ավելացումը հարցի պատասխան չէ: Մենք գտնում ենք, որ լավագույն պատասխանը ազգային ժողովրդավարական կոալիցիայի ստեղծումը, բռնության դադարեցումը, բնակավայրերից զրահատեխնիկայի դուրսբերումն ու Արաբական երկրների լիգայի դիտորդների վերադարձն է», - Նուլանդի խոսքերը փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Հավելենք, որ երեկ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Արտաքին հետախուզության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը մեկնել էին Դամասկոս և հանդիպել երկրի առաջնորդի` Բաշար Ասադի հետ, ով էլ հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել ցանկաված կողմի հետ` երկրում կայունություն հաստատելու համար:

Նախագահի հետ հանդիպումից հետո Լավրովը կոչ է արել հասնել ճգնաժամի կարգավորման այն դրույթների հիման վրա, որն առաջ էր քաշվել Արաբական երկրների լիգայի կողմից 2011 թ. նոյեմբերի 2-ին:

Լավրովը նշել է նաև, որ Դամասկոսը պատրաստ է սահմանադրական բարեփոխումներ անցկացնել: