Քաղաքապետարանը քննարկել է Տիգրան Մեծի արձանի տեղադրման վայրին առնչվող հարցեր

17:26 • 08.02.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի, ՀՀ վաստակավոր նկարիչ, քանադակագործ Համլետ Մատինյանի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր, աստղաֆիզիկոս Վահագն Գուրզադյանի հետ: Ինչպես Tert.am-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայոց արքա Տիգրան Մեծի արձանի տեղադրման վայրի հետ կապված հարցեր:

Ոգևորվելով այն գաղափարից, որ Հալլեի գիսաստղի ամենահին պատկերը քանդակված է Հայոց Տիգրան Մեծ արքայի դրամի վրա` մ.թ.ա. 83 թվականին` Անտիոքի նվաճման առիթով, քանդակագործ Հակոբ Հակոբյանը երկար ժամանակ աշխատել է և այն հուշակոթողի վերածելու նախագիծ է կազմել:

Տիգրան Մեծի հատած այս դրամը նշանակալի արժեք ունի համաշխարհային մշակութային գանձարանում, և մեծ հետաքրքրություն ու արձագանքներ է առաջացրել ամբողջ աշխարհի գիտական և մշակութային անցուդարձում, ինչը անհետևանք չի թողել նաև հայ մշակութային կյանքը:

Տիգրան Մեծի արձանի իրականցումը պայմանավորված է հայոց պետականություն-գիտություն-մշակույթ հարաբերությունների սերտ կապը շեշտելու և դրա կարևորությունը մատնանշելու փաստով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով գաղափարը, պատրաստակամություն է հայտնել աջակցել և առաջարկը ներկայացնել Երևանի ավագանու գեղարվեստական հանձնաժողովի քննարկմանը, հաղորդում են քաղաքապետարանից: