«Նորարար ուսուցիչներ»-ի հաղթողներն ստացան իրենց մրցանակները
Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղակայված` Մայքրոսոֆթի Ինովացիոն կենտրոնում տեղի է ունեցել նորարար մեթոդներ կիրառող ուսուցիչների մրցանակաբաշխության արարողությունը:
Արարողությունը տեղի է ունեցել ամենամյա` «Նորարար ուսուցիչներ» ֆորումի ընթացքում, որը «Գործընկերներ ուսման ոլորտում» համատեղ ծրագրի շրջանակներում համատեղ իրականացնում են «Մայքրոսոֆթ» ընկերությունն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Այս տարի անցկացվող մրցույթի հովանավորությունը ստանձնել է Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
«Նորարար ուսուցիչներ» ֆորումի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ուսուցման և դասավանդման մակարդակի բարձրացմանն ուղղված այն նորարար տեխնոլոգիաները, որոնք մշակել են ուսուցիչները:
Նախապես հայտարարված մրցույթին ներկայացվել էր 41 նախագիծ, որոնցից 13-ն անցել է եզրափակիչ փուլ: Մրցանակաբաշխության ընթացքում ամփոփվել են մրցույթի արդյունքները, և մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված գլխավոր մրցանակակիրը հնարավորություն է ստացել մասնակցելու Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում տեղի ունենալիք «Մայքրոսոֆթի» եվրոպական «Գործընկերներ ուսման ոլորտում» ֆորումին և իր նախագիծը ներկայացնելու միջազգային հարթակում:
Հայաստանյան մրցույթին մասնակցած բոլոր մասնակիցներն արժանացել են ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության պատվոգրերին, իսկ հաղթող նախագծերը` «ՎիվաՍել-ՄՏՍ» և «Մայքրոսոֆթ» ընկերությունների կողմից սահմանված մրցանակներին հետևյալ անվանակարգերում՝
«Հայաստանի այսօրվա մարտահրավերը միջազգային որակի կրթության անհրաժեշտությունն է` գրեթե բոլոր ոլորտներում: Իսկ ուսուցման` կիրառական գիտակարգերի և տեխնոլոգիական նվաճումների վրա հիմնված նորարարական և ստեղծագործ մեթոդներն անհրաժեշտ նախապայման են նորարարների նոր սերունդ դաստիարակելու համա»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
««ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շարունակաբար զգալի ներդրումներ է կատարել բարձորակ կրթության ապահովմանն ուղղված նախաձեռնություններում, քանի որ մենք հավատում ենք, որ հայաստանցի երիտասարդությունն արժանի է ավելի լավ ապագայի և, միևնույն ժամանակ, ունի տեխնոլոգիաների և գիտության ոլորտում Հայաստանի համար մրցակցային առավելություն ապահովելու հսկայական ներուժ», - ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:
«Նորարար ուսուցիչներ» ֆորումը Հայաստանում կազմակերպվում է երրորդ անգամ: Նախորդ տարվա մրցանակակիրներն արդեն իսկ առիթ են ունեցել ներկայացնելու իրենց նորամուծությունները Բեռլինում և Մոսկվայում կազմակերպված` «Եվրոպական նորարար ուսուցիչներ» ֆորումին:









