Թուրքիայում հարցաքննվելու են հետախուզական մարմինների ղեկավարները

15:29 • 08.02.12

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հաստատել է լուրերն այն մասին, որ Թուրքիայում Քրդստանի հասարակությունների միության գործով հարցաքննվելու համար դատարան են կանչվել Թուրքիայի հետախուզական ծառայությունների պետ Հաքան Ֆիդանը, նախկին պետ Էմրե Թաները և պետի նախկին տեղակալ Աֆեթ Գյունեշը:

Ստամբուլի գլխավոր դատախազը պարզաբանել է, որ նրանք հարցաքննվելու են Օսլոյում տարիներ առաջ Քրդական բանվորական կուսակցության ղեկավարության հետ հանդիպելու և Քրդստանի հասարակությունների միությանը տեղեկություններ տրամադրելու հարցերի շուրջ, հայտնում է CNNTurk-ը:

Մի քանի ամիս առաջ համացանցում հայտնվել էր Թուրքիայի հետախուզական ծառայությունների պետի և պետի նախկին տեղակալի` PKK—ի ղեկավարների հետ Օսլոյում ունեցած խոսակցության ձայնագրությունը: