ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կփոխանակեն հրթիռների արձակման մասին տեղեկություններ
Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու մասին համաձայնագիր:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, փաստաթուղթը ստորագրվել է Հարձակողական սպառազինությունների կրճատման (ՀՍԿ) պայմանագրի կատարման երկկողմ խորհրդակցային հանձնաժողովի հերթական նիստում, որն անցկացվել է հունվարի 24-ից փետրվարի 7-ը, Ժնևում:
Նոր համաձայնագրով որոշվել է տեղեկությունների տրամադրման ծավալը, որը կողմերը կտրամադրեն միմյանց. նաև կլինեն տեղեկություններ 2012 թվականին բալիստիկ հրթիռների արձակման քանակի վերաբերյալ:
Հանձնաժողովը պարտավոր է տարեկան երկու նիստ անցկացնել: Առաջին նիստը կայացել է 2011 թվականի մարտ-ապրիլին:
ՀՍԿ պայմանագիրը, որը ստորագրվել էր Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև 2010 թվականի գարնանը, ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարից:









