Գյումրեցիները 2012թ. վերջին կստանան բնակարաններ
Աղետի գոտում բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովումը Քաղաքշինության նախարարության այս տարվա գերակա խնդիրներից է: Մինչև 2012թ. վերջ Գյումրի քաղաքի մի շարք անօթևաններ կստանան իրենց բնակարանները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:
«Ծրագրի իրականացման համար ֆինանսական խնդիրներ չունենք: Այս պահին եղանակների հետ կապված շինարարական աշխատանքները դադարել են, բայց արդեն այս տարի կհանձնենք շահառուներին»,- ասաց նախարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ շինարարություն իրականացնող ընկերությունները 15 օրը մեկ նախարարությանը գրավոր հաշվետվություն են ներկայացնում իրենց կատարած աշխատանքների ժամանակցույցի և որակի մասին:
«Ընկերությունները երկու ամիսը մեկ իրենց կարծիքն են ներկայացնում կառուցվող շենքերի սեյսամակայունության հետ կապված»,- վստահեցրեց նախարարը և տեղեկացրեց, որ այս պահին արդեն ներկայացված են 7000 շահառուներից կազմված ցուցակ։ «Փաթեթը կուսումնասիրվի մինչև ապրիլի կեսերը և մայիս ամսին արդեն հայտնի կլինի շահառուների անունները»,- ասաց նախարարը:
Նախարարը իր խոսքում անդրադարձավ նաև Երևան քաղաքի վթարային շենքերին, որոնք ընստ նրա 80-ից ավել են:
«Մայրաքաղաքում ուսումնասիրվել են հին բազմաբնակարային շենքերը: Իհարկե, հարցը հրատապ է և միջոցներ են անհրաժեշտ: Այս հարցը քննարկման փուլում է, կան նոր հանձնարարականներ և ցուցումներ: Հարցի լուծման համար ունենալու ենք թե պետական մոտեցում, թե պետություն-անհատ աջակցություն»,- ասաց նախարարը:









