IFC-ն $1.9 մլն կտրամադրի Հայաստանում գործարար և ներդրումային դաշտի բարելավմանը

15:50 • 08.02.12

Այսօր ՀՀ կառավարությունը և Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիա (ՄՖԿ, IFC) կնքեցին համագործակցության պայմանագիր` ուղղված Հայաստանում գործարարների վարչական բեռը նվազեցնելուն և ներդրումային միջավայրը բարելավելուն:

ՀՀ կառավարության պայմանագիրն ստորագրել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, իսկ ՄՖԿ անունից՝ ընկերության Կովկասյան տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքը:

«IFC-ին վերջին տարիներին Հայաստանին ցուցաբերում է աջակցություն ներդրումային ոլորտի բարեփոխումների համար: Սա հերթական մասն է կազմում, որը կիրականացվի 1.9 մլն դոլարի շրջանակներում: Գումարն ուղղված կլինի Հայաստանին ներդրումային և գործարար դաշտի բարելավմանը: Այստեղ բոլորիս շահերը համընկնում են»,- ասաց նախարարը:
ՄՖԿ Կովկասյան տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքի խոսքով` իր ձևաչափով համաձայնագիրը շարունակական է լինելու:

«Մեր ծրագրի նպատակն է միջին և փոքր բիզնեսի համար բարելավել դաշտը, նույնը անել գործարար դաշտի համար, ինչպես նաև իրականացնել տեսչական դաշտի բարեփոխումներ և ապահովել սննդի անվտանգությունը»,- ասաց նա և ավելացրեց, որ ՄՖԿ-ն միշտ պատրաստ է Հայաստանին աջակցել: