Չինաստանում կարգելվի ինտերնետից անանուն օգտվելը
Չինական լրատվամիջոցները հաղորդում են, որ ս/թ մարտի կեսից Պեկինում ինտերնետից օգտվողները չեն կարողանա անանուն մեկնաբանություններ թողնել միկրոբլոգներում:
Չինաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթը հայտնել է, որ մարտի 16-ից Չինաստանի մայրաքաղաքում միկրոբլոգներից բոլոր օգտվողները պետք է գրանցվեն իրենց իսկական անուն-ազգանունով, այլապես նրանց կարգելվի հաղորդագրություններ տեղադրել կամ փոխանցել:
Չինական իշխանությունները խստացնում են ինտերնետի վերահսկողությունը` մտավախություն ունենալով, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարության շարքերում սպասվող փոփոխությունների վրա ազդելու փորձեր կարող են արվել:
Պաշտոնաթերթը հայտնել է, թե այս որոշումը «ինտերնետ օգտատերերի մեծամասնության աջակցությանն է արժանացել»: Այնինչ առաջատար շատ միկրոբլոգերներ ի նշան բողոքի դադարել են մեկնաբանություններ տեղադրել ինտերնետում:
Չինական իշխանությունները հայտնել են, որ առաջիկայում նոր ինտերնետ քաղաքականությունը կվերաբերի բոլոր 250 մլն չին օգտատերերին:
Այդ երկրում արգելափակված են մնում Facebook-ն ու Twitter-ը, և չինացիներն օգտվում են տեղական համանման Weibos սոցցանցից:










